10/10/2017 18:11
Կկարողանանք պարեցնել ոչ միայն «Ինտերի», այլև՝ մյուս թիմերի երկրպագուներին. Արմեն Հայրապետյան
Ար հեռուստաընկերության մարզական լրագրող Արմեն Հայրապետյանն, ով արդեն 15 տարի հանդիսանում է «Ինտեր Միլան» ֆուտբոլային ակումբի երկրպագուն, որոշել է իր սիրելի ակումբին երաժշտական անակնկալ մատուցել: Ակումբի «Pazza Inter Amala» (Խենթի պես սիրում ենք Ինտերին) կոչվող հիմնը հավատարիմ երկրպագուն հանրությանը կներակայացնի նոր գործիքավորմամբ, որի հեղինակը Արթուր Հարությունյանն է՝ ընկերների միջավայրում հայտնի «Մոցարտը»:
«Ցանկություն ունեի որպես անհատական երգիչ այս երգը երգել, քանի որ գիտեմ՝ նույնիսկ Իտալիայում ոչ մի երգիչ առանձին չի երգել այն, միշտ ֆուտբոլիստներն են երգել: Նոր գործիքավորման մեջ հայկական էլեմենտներ ենք ավելացրել, որպեսզի բոլորն իմանան, որ այն հայերն են պատրաստել: Հիթային, աշխույժ ռիթմերով, պարային կատարում է, որով կկարողանանք պարեցնել ոչ միայն «Ինտերի», այլև՝ «Յուվենթուսի», «Բարսելոնայի», «Ռեալի» ու մյուս թիմերի երկրպագուներին», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արմեն Հայրապետյանը:
Երգի համար նաև տեսահոլովակ է նկարահանվում, որի հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա, հավանաբար, մեկ ամսից: Ռեժիսորը Ստեփան Մարտիրոսյանն է, օպերատորը՝ Արսեն Կարապետյանը: Տեսահոլովակի վրա աշխատել են նաև Արթուր Ղազարյանը, Գևորգ Առաքելյանն ու Հրայր Սիրականյանը:
Մտահղացման հեղինակը դիմել է նաև ամբողջ աշխարհի «Ինտեր»-ի երկրպագուներին, որպեսզի նրանք էլ իրենց մասնակցությունն ունենան տեսահոլովակում:
«Իրենք մեզ փոքրիկ տեսանյութեր կուղարկեն, որոնք կտեղադրենք տեսահոլովակում: Արդեն իսկ Իտալիայից, Իրաքից, Իրանից, Չինաստանից ու մի քանի այլ երկրներում գտնվող երկրպագուներից դրական արձագանքներ ենք ստացել, հուսով եմ՝ նաև տեսանյութեր կլինեն: Այս մտահղացման նպատակն այն է, որ ամբողջ աշխարհում տվյալ ակումբի երկրպագուները երգեն նոր գործիքավորմամբ այս երգն ու այն ուղարկենք մեր սիրելի թիմին՝ ի նշան հավատարմության և միասնության, նրանք էլ ոգևորվեն ու ավելի լավ խաղան: 2010 թվականից այս կողմ Միլանի «Ինտերը» լուրջ հաջողություններ չէր ունեցել, ու հիմա վերելքի փուլում է: Մենք մեր ոգևորիչ երգով նրանց կողքին ենք՝ աշխարհի որ անկյունում էլ լինենք», - ընդգծեց մարզական լրագրողը:
Նկատառմանը՝ արդյոք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու, ինչու ոչ, երկրպագուները չեն նեղանա նրանց այս քայլից, «Ինտեր»-ի հայ երկրպագուն պատասխանեց.
«Կարծում եմ՝ չեն նեղանա: Մենք «Inter Club Armenia»-ի ներկայացուցիչ ենք, որն առաջին պաշտոնական ֆանկլուբն է Հայաստանում: Իհարկե, բոլորս նաև Հայաստանի հավաքականի մոլի երկրպագուներ ենք, մեծ սիրով հաճախում ենք բոլոր խաղերին: Հետագայում նաև Հայաստանի հավաքականին նվիրված երգ կունենանք, նման միտք վաղուց կա, կգտնենք նաև իրագործման ճանապարհները», -հավատացրեց նա:
Մարզական լրագրողը նաև որպես երկրպագու է հետևում ֆուտբոլի ազգային հավաքականի ելույթներին: Ցավում է անհաջողությունների համար, բայց նաև հավատում՝ հաղթանակներ կլինեն:
«Կարծում եմ՝ մեր տղաները մեծ ներուժ, հնարավորություններ ունեն: Չեմ ուզում որևէ մեկի մեղավորությունից խոսել, ուղղակի վստահ եմ, որ մեր ֆուտբոլը կարող է հաջողություններ ունենալ: Հուսանք, որ տղաներն իրենց մեջ կգտնեն ուժ՝ իրենց հնարավորություններն ավելի լավ դրսևորելու համար, մենք էլ ավելի շատ ուրախանալու առիթներ կունենանք», - հույս հայտնեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Արմեն Հայրապետյանը թեև երաժշտական կրթություն չունի, սակայն 9 տարեկանից երգում է, հաղթել է երաժշտական բազմաթիվ մրցույթներում: Հանրային հեռուստաընկերության՝ ժողովրդական երգին նվիրված «Մենք ենք, մեր սարերը» նախագծի հաղթողն է, Ար հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մենք ենք, մեր սարերը» հաղորդաշարի սցենարի հեղինակը, «Կոմիտաս» համահայկական փառատոնի առաջին մրցանակակիրը: Այժմ էլ հանդիսանում է նաև Արսեն Գրիգորյանի «Հայ երգասաններ» համույթի մենակատարներից: