11/10/2017 11:11
Սպաների սահմանային տարիքը չի երկարացվի, և նրանք ավտոմատ կզորացրվեն. նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից առաջարկվող նոր օրենսդրական կարգավորումներով սպաների սահմանային տարիքը չի երկարացվի, այսօր խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը այժմ լուրջ է։ Օրենքով կարող էր երկարացվել մինչև հինգ տարի, և այդ գործընթացը սուբյեկտիվ էր, կամ կարող էին չերկարացնել, հետաձգել։ Արդարության նկատմամբ լուրջ խնդիր էր ձևավորում սպայական անձնակազմի շրջանում, կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում իր մեջ, ինչպես նաև սպայի հետագա աճի համար խնդիրներ էր առաջացնում։ Դրա համար այժմ մենք առաջարկում ենք չերկարացնել սպաների սահմանային տարիքը», - լսումների ժամանակ ներկայացրեց պաշտպանության նախարարը։
Ըստ Վ.Սարգսյանի՝ նոր օրենսդրական կարգավորումներով, սպաների սահմանային տարիքը կմնա նույնը և երբ ժամկետը ավարտվի, ապա զորացրումը կդառնա ավտոմատ։ Սակայն այս ցանկում կան բացառություններ՝ ռազմաբժշկության ոլորտ, ռազմադասախոսական ոլորտ և շարքային կազմի որոշ մասնագիտություններ։
«Այս մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը։ Ասենք՝ հիմա մենք տեխնիկա վարող մասնագետների պակասորդ ունենք և ենթադրենք 50-60 տարեկան լինելը, բացարձակ չի խանգարում, որ հմուտ վարորդը շարունակի վարել այդ մեքենան», - նշեց նախարարը։