11/10/2017 11:17
Սպաները բնակարաններ ձեռք կբերեն բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելի հարմար պայմաններով. Պաշտպանության նախարար
Հայաստանի պաշտպանական համակարգին վերաբերող օրենսդրական նոր կարգավորումներով այնպես է արվելու, որ համակարգի բոլոր սպաներին բնակարաններ հատկացվեն հարմար պայմաններով, այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով, սպաների բնակարանային ապահովման ծրագրով վերջին տարիներին բնակարան է ստացել մոտ 1700 սպա։ Սակայն, նախարարի խոսքով, այդքանով հանդերձ այդ ծրագիրը խնդիր չի լուծել, քանի որ եղել են սպաներ, որ արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները ու արդյունքում ձևավորվել է բնակարանի խնդիր ունեցող սպաների հսկայական ցուցակ։
Այժմ առաջարկվող փոփոխություններով բնակարականային ապահովման կարգը փոխարինվում է հատուկ բնակարանային ծրագրով։ Նախարարի խոսքով, ընթանում են քննարկումներ մասնագիտական շրջանակներում ու առայժմ մանրամասներ հնարավոր չէ հայտնել։
«Մինչև այս ամսվա վերջ կավարտվեն քննարկումները և լայն հասարակությանը ես կկարողանամ ներկայացնել ծրագրի մանրամասները։ Բոլոր դեպքերում, խոսքը գնում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելի ավելի հարմար պայմանների մասին։ Ընդ որում՝ յուրաքանչյուր սպա, անկախ նրանից, ինքը հորական տուն ունի, թե հատուկ վատթարացնում է իր պայմանները, ծառայության ընթացքում մեկ անգամ կարող է այդ ծրագրից օգտվել։ Որևէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի», - ասաց Վիգեն Սարգսյանը: