12/10/2017 17:59
Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել Լոռիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառումներ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայության դերը Սանկտ Պետերբուրգի զարգացման գործում՝ նշելով, որ հայերը քաղաքի հիմնադրման օրվանից եղել են նրա հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի անբաժանելի մասը:
«Դեռեւս 1710 թվականին Սանկտ Պետերբուրգում կազմավորվել է հայկական համայնք, իսկ 18-րդ դարի երկրորդ կեսից Պետերբուրգում գործող Սուրբ Կատարինե եկեղեցին հայապահպանության և ազգային արժեքների փոխանցման կարեւոր օջախներից է», - ասել է Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Լենինգրադի շրջափակման օրերին հազարավոր հայեր հերոսաբար պաշտպանել են քաղաքը ֆաշիզմից: «Լենինգրադի երկինքը ֆաշիզմի դեմ պայքարում պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, իսկ Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին», - նշել է նա:
Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ եղբայրական կապերը պետք է առավել ամրապնդվեն եւ լավագույն ավանդույթներն ըստ արժանվույն սերունդներին փոխանցվեն: Այդ համատեքստում նա նշել է, որ հաջորդ տարի լրանում է հայազգի մեծանուն զորավար և պետական գործիչ, բարենորոգիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուս-թուրքական պատերազմի հերոս Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել ականավոր հայորդու մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ: