.jpg)
Արոնյանը, Մխիթարյանը հերոսներ չեն, եկեք ուշադրություն դարձնենք մեր զինվորների վրա, ովքեր մեզ համար են անում. Արթուր Ջանիբեկյան (Տեսանյութ)
Այսօր, հոկտեմբերի 13-ին «Այբ» կրթահամալիրում Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանից հայ երիտասարդները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է մտածում հայրենասիրության մասին, հպարտանո՞ւմ է արդյոք երբ «յան»-ով ավարտվող հայերի հաջողությունների մասին է տեղեկանում։
Ի պատասխան Ջանիբեկյանն ասել է, որ հայրենասիրության մասին բարձրագոչ արտահայտություններ չի կարող անել, քանի որ հայրենասիրությունն իր պատկերացմամբ այն է, ինչին ծառայեցվում է ամեն ինչ։
Անդրադառնալով հայկական ազգանունով հայտնի անձանց, Ջանիբեկյանը ասաց. «Գիտեք, ես ձեզանից չեմ տարբերվում, ես էլ եմ հպարտանում «յան»-ով ավարտվող ազգանուն ունեցող հայտնի մարդկանցով։ Հենրիխ Մխիթարյանին անձամբ չեմ ճանաչում, բայց ուրախությանս չափ չկա, առանձնապես ֆուտբոլասեր էլ չեմ, բայց հասկանում եմ, որ մեծագույն մարդ է։ Բայց եկեք ուրիշ բան ասեմ, որը կարծում եմ կհետաքրքրի. եկեք պաթետիկան վերացնենք իմ ասածից, և Մխիթարյանը, և Մարտիրոսյանը, և Ջանիբեկյանը, և Արոնյանը և մյուսները ձեզանից ոչ մի բանով ավել չեն։ Էդ շատ կարևոր է, որ հասկանաք։ Նրանց մեջ հերոս չկա, որովհետև նրանցից ամեն մեկը էդ ամենն արել է իր համար և որպես սիներգետիկ էֆեկտ, դուք էլ եք օգտվում։ Այ, եկեք ուշադրություն դարձնենք էն մարդկանց վրա, ոքվեր ամեն ինչ անում են ձեր համար ու որպես սիներգետիկ էֆեկտ, իրենք են օգտվում դրանից. դրանք մեր զինվորներն են։ Շատ մեծ տարբերություն կա»։