16/10/2017 10:56
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չստորագրելու հիմքեր չկան. Ստեփան Գրիգորյան
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ հայկական կողմը կստորագրի Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ այն չստորագրելու հիմքեր չկան։
«Եթե հանրապետության նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել այս փաստաթուղթը, եթե արտաքին գործերի նախարարը Եվրոպայի արտգործնախարարների նիստի ժամանակ հայտարարեց, որ կստորագրեն, և եթե հիմա ամբողջ փաստաթուղթը հրապարակվում է, իսկ այն չէր կարող հրապարակվել առանց երկու կողմերի համաձայնության, ապա վստահ եմ, որ մերոնք կստորագրեն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Ստեփան Գրիգորյանի մեկնաբանմամբ՝ սա շատ լուրջ փաստաթուղթ է, որտեղ Հայաստանի համար անհրաժեշտ շատ լուրջ բարեփոխումներ են ներառված՝ կոռուպցիայի դեմ պայքար, արդարադատության համակարգի փոփոխություն, որը պարունակում է նաև արդարադատության համակարգի ավելի անկախ լինելու գործոնը։
Քաղաքագետն ասաց, որ մեծ տեղ է տրվում նաև մարդու իրավունքների զարգացման դրույթին, անդրադարձ կա մշակույթի, կրթության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին։
«Օրինակ, չգիտեմ, կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումներին վերաբերող փասթաթղթեր կա՞ն ԵԱՏՄ-ի շրջանակում մեր համագործակցության պայմանագրում, ես այդպիսի բան չեմ լսել», - ասաց Ս. Գրիգորյանը։
Նա նշեց, որ շատ կարևոր են նաև այլընտրանքային էներգիայի զարգացման վերաբերյալ ծրագրերը. «Այստեղ նշվում է այլ ճանապարհներով էներգիայի աղբյուրներ ունենալու մասին, ինչը չկա ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրում»։
Թեև, ըստ քաղաքագետի, համաձայնագրում առկա բոլոր կետերն էլ կարևոր են, բայց նա առանձնացրեց կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի կետերը, որոնք ամենակարևորն են Հայաստանի համար։
Արցախին վերաբերող հատվածներն էլ, Գրիգորյանի խոսքով, բնորոշված են շատ լավ։
«Կարևոր են տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։ Սա հատկապես կարևոր է նաև այն առումով, որ, ինչքանով տեղյակ եմ, Ադրբեջանն էլ է աշխատում ԵՄ-ի հետ ինչ-որ փաստաթուղթ պատրաստել, հետևաբար, այդ փաստաթղթում էլ նույն ձևակերպումը կլինի», - ասաց Ստեփան Գրիգորյանը։