16/10/2017 11:13
ԱԺ-ն կքննի Գեղամյան-Փաշինյան բախման մանրամասները պարզելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ներառված է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
Հանձնաժողովից Aysor.am-ը տեղեկանում է, որ հարցով հիմնական զեկուցողը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է, իսկ հարակից զեկուցողը` հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը:
Հոկտեմբերի 5-ին խորհրդարանում քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը զայրացրել էր Արտաշես Գեղամյանին, որից հետո նիստերի դահլիճից դուրս Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ Արտաշես Գեղամյանը հարվածել էր իրեն, մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորը հերքել էր, որ ինքը բռնուցքով հարված է գործընկերոջը:
Նախորդ շաբաթ «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Խմբակցությունը նշել էր, որ կարող է պահանջել նաև Գեղամյանին մանդատից զրկելու հարցը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ ընդգծել էր, որ էթիկայի հանձնաժողովը կքննի հարցը և կպարզի իրողությունը՝ անընդունելի որակելով պատգամավորների` միմյանց հանդեպ բռնությունը: