17/10/2017 14:33
ՀՀ-ԵՄ համաձայնագիրն, ըստ երևույթին, համաձայնեցրած է Ռուսաստանի հետ. Բորիս Նավասարդյան (Տեսանյութ)
Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող երկու կողմերը համաձայնություն են տալիս, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Փաստորեն, և՛ ԵՄ հանձնաժողովը, և՛ Հայաստանի կառավարությունը շահագրգռված գտնվեցին համաձայնագիրը հրապարակելու հարցում, և դա նշանակում է, որ գոնե այդ երկու կողմերը վճռական են այն մոտակա ժամանակում ստորագրելու»,- նշեց Բ. Նավասարդյանը։
Դա էլ իր հերթին, ըստ Բորիս Նավասարդյանի, նշանակում է, որ ակնհայտ և բացահայտ միջամտություններ, ինչպես եղավ 2013 թվականին, չի ակնկալվում։
«Դրա հիմնական պատճառն այն է, որ, ըստ երևույթին, որ համաձայնագրի բովանդակությունը համաձայնեցրած է Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ գործընկերների հետ։ Այնտեղից որևէ բացասական արձագանք սպասել չի կարելի»,- ասաց Բ. Նավասարդյանը։