17/10/2017 13:10
Մայրական մահացության ցուցանիշը մոտ 3 անգամ նվազել է. զեկույց
Մայրական մահացության ցուցանիշը 2000 թվականից ի վեր մոտ 3 անգամ նվազել է, «Աշխարհի բնակչությունը-2017» զեկույցի ներկայացմանը լրագրողներին ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։
«Եթե 2000 թվականին այն 100 հազար ծննդի հաշվով 60-ից ավելի էր, ապա 2015 թվականին նույն 100 հազար ծննդի հաշվով մայրական մահացության թիվը 19,6 է եղել», - ասաց Գարիկ Հայրապետյանը։
Նա անդրադարձավ նաև կանանց և տղամարդկանց աշխատավարձային անհավասարությանը, նշելով, որ տարածաշրջանում ամենավատ դիրքում Թուրքիան է։
«Հայաստանն Ադրբեջանի և Ալբանիայի հետ գտնվում է մի քայլ ավելի բարվոք վիճակում։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը դեռևս 2015-ին հետազոտություն էր իրականացրել և աշխատավարձի անհավասարության ցուցանիշը Հայաստանում կազմել էր 36 տոկոս։ Այսինքն, կանայք 36 տոկոս ավելի քիչ եկամուտ ունեն, քան տղամարդիկ։ Միջին ցուցանիշից մի քիչ ցածր ենք, բայց ամենավատը չենք տարածաշրջանում», - նշեց Գարիկ Հայրապետյանը։