17/10/2017 15:22
Ընտանեկան բռնություն է, երբ մտածում ես՝ «գործս վերջանա, տուն հասնեմ ու կնոջս մի լավ ծեծեմ». Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Ամեն բռնություն, որ տեղի է ունենում ընտանիքում, դեռ ընտանեկան բռնություն չէ, առավել ևս դաստիարակչական միջամտությունը չի կարող բռնություն համարվել, խորհրդարանում «Ընտանեկան բռնութան կանխարգելման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
«Սուրբ գրական Աստվածաշնչում ասվում է. «Այն հայրը, ով սիրում է որդուն, խրատում է», իսկ խրատել բառը գրաբարում ունի ֆիզիկական ներգործության իմաստ, առավել ևս տղաների նկատմամբ, որովհետև այդ նույն խտրական բառն է օգտագործում Պիղատոսը, երբ Քրիստոսին ուղարկում է մտրակելու, ասում է՝ «կխրատեն և բաց կթողնեն», ուրեմն այստեղ պետք է սարսափել դաստիարակչական միջամտություններից։ Ընտանեկան բռնությունը ես այն իմաստով եմ հասկանում, որ ինչ-որ մեկն ունի առանձնաշնորհ դիրք և չարաշահում է այն ու նվաստացնում է դիմացինին», - նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
Եպիոսկոպոսն ընդգծեց, որ թեև հոգևորականների մեջ ևս կան օրինագծին դեմ արտահայտվողներ, մինչդեռ, ըստ նրա, օրենքը անհրաժաշետ է, պարզապես պետք է քննարկումներ իրականացվեն և լրացնեն օրինագծում եղած բացթողումները։
Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է հստակ տարանջատել, թե ինչ է նշանակում բռնություն։
«Ընտանեկան բռնություն է այն, երբ մտածում ես՝ «երբ գործս պիտի վերջանա տուն հասնեմ ու կնոջս մի լավ ծեծեմ»։ Սադիստական հակումներով մարդիկ լեփ լեցուն են և դրա մասին մենք լավ գիտենք, բայց դրանք թաքնված իրողություններ են։ Խոսքը ընտանիքում թաքնված սադիզմի մասին է։ Այդ սադիզմը պետք է կանխարգելել՝ ուղղված երեխայի և կնոջ նկատմամբ, երբեմն նաև՝ կնոջ կողմից ամուսնուն նկատմամբ», - ասաց եպիսկոպսը։
Վերջինս նկատեց, որ եթե շատերը պնդում են, որ օրինագիծը ընդունելի չէ քրիստոնեական ընտանիքի համար, ապա ինչու չընդվզեցին ամուսնալուծությունների և հղիության ընդատման իրավունքի դեմ։
«Ամուսնալուծությունների հնարավորությունը շատ լավ ընդունեցին և չասացինք, որ գալու է մեր ընտանիքը խաթարի։ Բայց հիմա խոսում ենք բռնությունների մասին և մտածում ենք, որ ընտանիքի համերաշխությունը սրանով կարող է խաթարվել։ Կամ այն վիժումներն ու աբորտները, որ մեր իրականության մեջ տեղի են ունեում, սրանք ի՞նչ է քրիստոնեական ընտանիքին հատուկ վարվելակերպ են։ Սովորեցնում եք երկու կամ մեկ զավակից ավելի չունենալ։ Այ հղիության կանխարգելման մասին երբ օրենք կար, կարծես ոչ մեկդ դրան դեմ չեղաք, բայց քրիստոնեական ընտանիքն այն չէ, ինչ մենք ենք հասկանում, այլ այն է, ինչ սուրբ գիրքը մեզ թելադրում է, բայց հաճախ մենք ընդունում ենք այն քրիստոնեական սկզբունքները, որոնք մեզ հաճելի են», - նշեց նա։
Եպիսկոպոսնը նաև հավելեց, որ ավելի լավ է ունենալ բռնությունը կանխարգելող օրենք, քան չունենալ օրենք ընդհանրապես։