18/10/2017 21:33
«Թանկացումներն այդքան շատ չեն». վարչապետը հորդորում է գնաճին համբերատար վերաբերվել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորում է թանկացումներին համբերատար վերաբերվել:
«Թանկացումներն այդքան շատ չեն, ինչքան ներկայացնում եք: Կարագն է, բենզինն է, մսամթերքը 10 տոկոս և ձուկը»,-Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:
Նա նշեց` այս ամենի հետ մեկտեղ՝ շատ ապրանքներ էլ կան, որոնց գները նվազել են:
«Ձեթ, գրեչկա, չգիտեմ, բրինձ և այլն»,-ասաց նա:
«Ինչ վերաբերում է արտաքին շուկաներին, օրինակ, կարագը մեկ տարվա մեջ 50 տոկոսով թանկացել է այն դեպքում, երբ միջազգային շուկայում 87 տոկոսով է թանկացել: Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքենք: Մենք չենք կարող այդ գները զսպել: Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել, իսկ այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,- ընդգծեց վարչապետը:
Անդրադառնալով նավթամթերքի թանկացմանը` Կարեն Կարապետյանն ասաց, որ միջազգային շուկայում 5 տոկոսով է թանկացում եղել, նույնն էլ Հայաստանում է:
«Մենք ունե՞նք մեր նավթամթերքը, եթե միջազգային շուկայում գինը փոփոխվի, ի՞նչ պետք է անենք, այստեղ պե՞տք է արձագանքենք, թե՞ չէ»,-նշեց Կ. Կարապետյանը: