18/10/2017 15:28
ԱԺ-ում քննարկվում է «Ելք»-ի պահանջով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը կքննի Արտաշես Գեղամյանի մասնակցությամբ միջադեպը, ով պատգամավորի խոսքով, բռունցքներով հարվածել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դեմքին։
Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ իրենք պահանջում են հանձնաժողով ստեղծել, որը կգործի երկու ամիս, անհրաժեշտութան դեպքում դրա աշխատանքները կերկարաձգվեն 1 ամսով։ Զեյնալյանը նաև նկատեց, որ իրենք պահանջում են հանձնաժողովի կազմում ընդգրկել 10 հոգի։
Անդրադառնալով միջադեպին՝ Արտակ Զեյնալյանն անընդունելի համարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի պահվածքը՝ նշելով, որ յուրաքաչնյուր պատգամավոր, ըստ կանոնակարգի, պետք է պահապանի սահմանված էթիկայի կանոնները։
Զեյնալյանը Գեղամյանի պահվածքը որակեց որպես բռնություն, որը չի կարող նպաստել խորհրդարանի նկատմամբ վստահության բարձրացմանը։
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորները պահանջում են էթիկայի հանձնաժողով ստեղծել հոկտեմբերի 5-ին ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև ծագած միջադեպը քննելու համար։
Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ Գեղամյանը հարվածել է իրեն ԱԺ միջանցքում ծագած վեճի ժամանակ, մինչդեռ Արտաշես Գեղամյանը պնդում է, որ իր ու Փաշինյանի միջև քաշքշուկ չի եղել