19/10/2017 11:24
Վերացնել խցանումները. Վարչապետի հանձնարարականը տրանսպորտի նախարարին և ոստիկանության պետին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումներին։
«Փաստ է, որ աշխատանքային օրերին Երևանում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ», - ասաց վարչապետը՝ նշելով, թե խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված 1 րոպե ժամանակահատվածի պահպանման մասով։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին Կարեն Կարապետյանը հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման հնարավորությունները։
«Հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ», - հանձնարարեց վարչապետը։
Վահան Մարտիրոսյանին և Վլադիմիր Գասպարյանին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։