21/10/2017 12:40
Համայնքների խոշորացումը կարող է մարզպետարանների կարգավիճակի փոփոխության բերել. Վարդևան Գրիգորյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը չի բացառում, որ համայնքների խոշորացման արդյունքում մարզպետների ինստիտուտում ևս որոշակի փոփոխություններ կլինեն:
ՀՀ ԱԺ «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս պահին նման նախագիծ չկա:
«Նման նախագիծ դեռ չի քննարկվել, ոչ էլ նախարարությունն է ներկայացրել, ուղղակի տրամաբանությունն է տանում դրան, որ խոշորացված համայնքների դեպքում կարող է նման մոտեցում ցուցաբերվել: Բանավոր խոսվել է այն մասին, որ մարզպետարանները կարող են նոր կառուցվածք ունենալ, դրանց նկատմամբ նոր մոտեցումներ ձևավորվեն, բայց կոնկրետ հարց այս պահին դրված չէ», - նշեց Վարդևան Գրիգորյանը:
Վերջինս ընդգծեց, որ եթե նախկինում մարզպետարանները համակարգել են 100-ից ավելի համայնքների աշխատանքներ, ապա համայքների խոշորացման դեպքում մարզում մնում է 10-12 համայնք.
«Այս աշխատակազմում, իհարկե, որոշակի փոփոխությունների խնդիր կառաջանա, բայց կառավարությունը դեռ նման որոշում չի կայացրել», - նկատեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե արդյոք նախատեսվող փոփոխությունները որոշակի օպտիմալացման կհանգեցնեն, Վարդևան Գրիգորյանը նշեց.
«Դեռ որոշված չէ՝ ինչ մոտեցում կցուցաբերվի, բայց հաշվի առնելով համայնքների խոշորացումը՝ մարզպետարանների այսօրվա կարագվիճակը կարող է փոփվել»: