23/10/2017 15:20
Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Ադրբեջանը ձեռնարկում է հակառակ գործողությունը. Կորյուն Նահապետյան
Պետք է դատապարտել այն վարքագիծը, որը դրսևորում է ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
«Ժնևում տեղի ունեցած նախագահների վերջին հանդիպումից հետո նախագահները պայմանավորվեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, մինչդեռ Ադրբեջանն այդ պայմանավորվածությունից հետո ձեռնարկում է հակառակ գործողություն, ավելի շատ փորձում է լարել իրադրությունը», - ասաց նա։
Կորյուն Նահապետյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է կոչ անի միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի նման վարքագիծը
«Մինչ այդ հանդիպումը և անգամ դրանից հետո ձեռքբերված պայմանավորվածություններից հետո ես չունեի վստահություն, որ ադրբեջանական կողմը հավատարիմ է լինելու իր ստանձնած պարտավորություներին, որովհետև նախկինում բազմիցս նման խախտումներ է արել և մենք դրա ականատեսն ենք եղել։ Այդ իմաստով մենք մեր զգոնությանը պետք է ապավինենք, հետևական աշխատանք տանենք միջազգային հանրության հետ», - հավելեց Նահապետյանը։
Վերջինս նաև ընդգծեց, որ Արցախի ՊԲ-ն հստակ ասել է, որ եթե լինեն անհանգստացնող դեպքեր, ապա դրանից բխող համապատասխան արձագանքներ կլինեն։