23/10/2017 19:05
Առկա վիճակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից. Նախագահը՝ հանցագործությունների բացահայտման մասին
Շուրջ հինգ տարի առաջ այսօրվա Հայաստանը ես տեսնում էի վտանգներից ավելի պաշտպանված, ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ իր նախընտրական ծրագրի հիմքում «Ապահով Հայաստան» նպատակադրումն իրականացնելու գաղափարն էր, տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
«Երկրի անվտանգության առումով դրական և էական առաջընթաց արձանագրելով հանդերձ՝ կարծում եմ, որ այսօր դեռ վաղ է վերջնականապես գնահատել, թե արդյո՞ք իմ սպասելիքներն ամբողջությամբ արդարացվել են: Միաժամանակ գտնում եմ, որ ձեզ հետ հանդիպումը շատ լավ առիթ է լրացուցիչ անգամ վեր հանելու ոստիկանության առջև ծառացած խնդիրները և նախանշելու հետագա անելիքները»,- նշել է նախագահը՝ ընդգծելով, որ վերջին ամիսներին հանրության շրջանում մտահոգության տեղիք են տվել հանրապետությունում կատարված մի քանի հանցագործություններ, որոնց մասին շատ է գրվել լրատվամիջոցներում։
Նախագահն ասել է, որ ոմանց մոտ ընկալում է ձևավորվել, թե դրանք իրավապահ մարմինների կողմից հանցավորությանը ոչ արդյունավետ հակազդելու հետևանք են:
«Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա: Այնուամենայնիվ, չեմ կարող չմտահոգվել մեր քաղաքացիների անհանգստությամբ: Ինձ համար երկրում օրինականության և կարգուկանոնի լավագույն չափորոշիչը հանրության կարծիքն է:
Այո՛, շատերն են ընդունում, որ այսօրվա ոստիկանները նախկինից ավելի պատրաստված են և ավելի դրական են ընկալվում: Սակայն կա նաև տարակուսանք, որ այդ նույն ոստիկաններն իրենց հնարավորությունները լիարժեք չեն իրացնում:
Համոզված եմ, որ ոստիկանությունն ունի մեծ ներուժ, որպեսզի փարատվեն եղած կասկածները, իսկ այդ ներուժը պետք է իրացվի ողջ ծավալով: Այս առումով հորդորում եմ բոլորիդ անմնացորդ նվիրվել ձեր ծառայությանը և շատ կարճ ժամանակում գրանցել նոր, զգալի և տեսանելի հաջողություններ:
Այս խնդիրը լուծելու համար դուք ունեք անհրաժեշտ թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական ռեսուրսներ: Դուք ունեք նաև իմ՝ որպես պետության ղեկավարի և Գերագույն գլխավոր հրամանատարի աջակցությունը»,- ասել է հանրապետության նախագահը։
Սերժ Սարգսյանը նշել է` վստահ է, որ ոստիկանները լավ գիտակցում են ոստիկանության սոցիալական գործառույթի կարևոր նշանակությունը:
«Կասկած չունեմ, որ հասկանում եք՝ սահմանադրական բարեփոխումներից բխող պետական մարմինների հարաբերակցության նոր պայմաններում ոստիկանությունից սպասելիքները պակաս չեն լինելու, գուցե շատ ավելին են լինելու: Ուստի, անհրաժեշտ է արդեն այսօր ճիշտ ախտորոշել առկա բոլոր խնդիրները և հստակ պլանավորել առաջիկա անելիքները:
Ուզում եմ կանգ առնել այս պահի կարևոր երկու խումբ անելիքների վրա:
Առաջին. ոստիկանության աշխատանքի առյուծի բաժինը պետք է կազմեն իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Ակնհայտ է, որ կանխարգելիչ աշխատանքների նշանակությունը գործնականում չափազանց մեծ է:
Պատահական չէ, որ Սահմանադրությունը թույլ է տալիս առանձին իրավունքներ սահմանափակել ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ դրանց կանխման նպատակից ելնելով: Մենք պետք է ընդունենք, որ հանցագործությունների կանխարգելման ոլորտում ոստիկանների անելիքները շատ են: Առկա վիճակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից:
Կարևոր է, որ այդ մասին նշվեց նաև զեկույցում: Միաժամանակ պետք է հասկանանք, որ փաստն արձանագրելը և թերացումները տեսնելը թեև դրական, բայց ամենևին բավարար չեն առավելագույն արդյունքի հասնելու համար: Հանցագործությունների կանխարգելման բնագավառում մինիմալիստական մոտեցումը, այսինքն՝ նվազագույնով բավարարվելն անընդունելի է:
Ասվածը, բնականաբար, չի նսեմացնում ձեր գործունեության մյուս բաղադրիչների, հատկապես օպերատիվ-հետախուզական աշխատանքի դերը: Հանցավորության դեմ պայքարում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն առանձնահատուկ են: Դրանց ճիշտ, գրագետ և ժամանակին իրականացումը կարող է ոչ միայն խափանել, այլև արդյունավետ կանխել հանցանքների կատարումը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։