24/10/2017 10:06
Տնտեսական ակտիվությանը զուգահեռ թանկանում է նաև կյանքը. Մեսրոպ Առաքելյան
ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել էր, որ 2017 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածի տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 5,5 տոկոս։ Նրա խոսքով՝ աճին նպաստել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը։
Նկատվող ակտիվությունն, ըստ տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի, հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա վատ ցուցանիշների հետ։
«Միևնույն ժամանակ, հանուն արդարության նշենք, որ կառավարության կողմից տնտեսական ակտիվություն ապահովելու համար որոշակի քայլեր ձեռնարկվում են։ Սակայն հասարակության համար դրական փոփոխություններ արձանագրելու համար դեռևս բավարար չեն այս աճի ցուցանիշները, քանի որ ընդամենը մի քանի տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը չի կարողանում ապահովել բարեկեցության այնպիսի մակարդակ, որ հասարկությունը փոփոխություն զգա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Խնդիրներից մեկն, ըստ նրա, վերջին ամիսներին նկատվող գնաճն է. տնտեսական ակտվությանը զուգահեռ թանկանում է նաև կյանքը։
Մեսրոպ Առաքելյանն ասաց, թե կարևոր է հասկանալ «տնտեսական աճ» ասածի հիմքը. «Տնտեսության մեջ ունենք որոշակի գերկենտրոնացած ճյուղեր, որոնցից մեկն էլ հանքարդյունաբերությունն է։ Պղնձի և մոլիբդենի միջազգային գնի բարձրացումն է այդ ոլորտներում աճ ապահովում, որոնք էլ մեր արտահանման մեծ մասն են ապահովում։ Այդ գների բարձրացումը որոշակի աճ է ապահովում, որը, սակայն, հասարակության բարեկեցության հետ ուղղակիորեն առնչություն չի կարող ունենալ»։
Քաղաքացու կյանքում իրական փոփոխություն ունենալու համար, ըստ Մեսրոպ Առաքելյանի, ոչ միայն երկնիշ աճ է պետք ունենալ, այլ՝ որակական աճ.
«Այսինքն՝ տնտեսական աճի ստեղծողը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսը, ավելի հստակ՝ քանակական տեսանկյունից տնտեսության մեծ մասը, ոչ թե մի քանի ընկերություն իրենց արտադրանքի ծավալը ավելացնելով ապահովեն ՀՆԱ-ի աճ»։
Որոշ չափով աշխատատեղեր ստեղծվում են, ասում է տնտեսագետը, միաժամանակ հավելելով, որ հաշվի առնելով արդյունաբերությունում առկա վատ վիճակը՝ դա չի թողնում այն ազդեցությունը, ինչը կարելի է ունենալ։
Ամենակարևոր ցուցանիշը, որ կառավարության գործունեության կամ տնտեսության մեջ փոփոխությունների գլխավոր ցուցիչն է, ըստ Առաքելյանի՝ արտագաղթի ցուցանիշն է։
«Եթե այս ամեն ինչից հետո արտագաղթի տեմպերը չեն նվազում, նշանակում է, տնտեսության տնտեսական քաղաքականությունը գոնե չի բավարարում բնակչությանը», - եզրափակեց Մ. Առաքելյանը։