01/11/2017 12:07
ՀՀ նախագահ. Հույս ունենք, որ ռուսական սպառազինության ձեռք բերման համար վարկավորումը մշտական կլինի
«ՀՀ Զինված ուժերը հանդիսանում են մեր երկրի կարևորագույն գործոնը և կոչված են ապահովելու ժողովրդի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Մեր զինված ուժերը նյութատեխնիկական առումով վատ չեն հագեցած, իրենց տրամադրության տակ ունեն ժամանակակից զենքի լուրջ նմուշներ և համալրված են պրոֆեսիոնալ սպաներով», - ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Россия 24»-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով, դա չի նշանակում, որ ՀՀ Զինված ուժերը չպետք է զարգանան ինչպես զորքերի կառավարման, այնպես էլ սպառազինությունների արդիականացման առումով:
«Հենց արդիականացման համար էլ մենք խնդրել ենք ռուսական կողմին տրամադրել վարկ: Դա ոչ թե առաջին, այլ արդեն հաջորդ վարկն է, և մենք հույս ունենք, որ դա մշտական կլինի», - ասել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է Ռուսաստանի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր ստորագրելու առաջարկը `սպառազինության մատակարարման նպատակով: