06/11/2017 15:37
Խոշորացման ենթարկված համայնքի ղեկավարները չգիտեն՝ կաշխատեն, թե գործազուրկ կմնան
Տավուշի խոշորացած Բերդ համայնքում նախօրեին համայնքի ղեկավարի ընտրություններ էին։ Այստեղ, հիշեցնենք, միավորվել էին Բերդ քաղաքը և Բերդի տարածաշրջանն ընդգրկող 16 համայնքները։
Ինչո՞վ են զբաղվելու արդեն խոշորացման ենթարկված համայնքների ղեկավարները, նրանցից մի քանիսի հետ է զրուցել Aysor.am-ի թղթակիցը։
Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանն ասում է՝ չգիտեն, թե ինչով են զբաղվելու այսուհետ։
«Կապրենք՝ կիմանանք», - Aysor.am-ի թղթակցին ասաց նախկին համայնքապետը։
Տեղյակ էլ չի՝ առաջարկ կլինի մարզպետարանից այլ աշխատանքի անցնելու, թե՝ ոչ։
«Ինչ կլինի, ոնց կլինի, դեռ չգիտենք», - ասաց Բաղմանյանը։
Աշխատանքի առաջարկ չլինելու դեպքում էլ՝ պարապ չի մնա։
«Գյուղատնտեսությամբ կզբաղվեմ, դրանով հիմա էլ եմ զբաղվում։ Անասուն եմ պահում, ցորեն եմ ցանում», - ասաց Վ.Բաղմանյանը։
Այգեպարի ղեկավար Անդրանիկ Այդինյանն էլ կարծում է, որ փոփոխությունով շատ բան չի փոխվելու։
«Չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ կլինեն, քանի որ սահմանամերձ հատվածում ապրող ժողովուրդ ենք, փոփոխություններն այստեղ խնդիրներ կառաջացնեն։ Համայնքի ղեկավարի կարգավիճակով, հավանաբար, կշարունակենք աշխատել», - ասաց Ա.Այդինյանը։
Տավուշի մարզի մեկ այլ՝ Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանն էլ ասում է, թե դեռ լիազորությունները չեն դադարեցվել։
«Ոնց օրենքի սահմաններում է, այդպես էլ աշխատելու ենք։ Դրանից հետո էլ կերևա, եթե ընտրված ենք, երևի կմնանք։ Օրենքը չենք էլ ուսումնասիրել, չի էլ հրապարակվում, սպասում ենք, տեսնենք՝ ինչ է լինում։ Ուղղակի արդեն ծանուցագրերը տվել ենք, որ մինչև նոյեմբերի 10-ը հիմնարկները լուծարվում են, աշխատողները պետք է ազատվեն աշխատանքից, բացի համայնքի ղեկավարներից։ Դրանից դուրս ոչ մի բան չգիտենք, տեղյակ չենք, օրենքի կետերով չգիտենք, թե ինչ է լինելու, ինչ է սպասվում», - ասաց Չինչինի ղեկավարը։