07/11/2017 16:12
Արևային կայանների ստեղծումը Հայաստանում ամենահեռանկարային ոլորտներից մեկն է. Հայկ Հարությունյան
Թալինում այսօր բացվել է Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանը։
Նախագիծն իրականացվել է հայաստանցի ներդրողների խմբի միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրահրի շրջանակում, համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KfWբանկի կողմից՝ Կոնվերսբանկի միջոցով։
Արևային կայանի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետը, տարածքային կառավարման և զարգացման նախարարը, դեսպաններ, փոխնախարարներ և այլ հյուրեր։
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝ արևային կայանների ստեղծումը Հայաստանում ամենահեռանկարային ոլորտներից մեկն է, եթե ոչ՝ ամենահեռանկարայինը։
«Ընդամենը հինգ տարի առաջ եթե 1 Մվտ հզորությամբ կայանի կառուցումը կարժենար 5 մլն ԱՄն դոլար, այժմ այն արժեցել է դրա 1/5-ից ավելի քիչ գումար», - լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը։
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյան
Հայկ Հարությունյանն ասաց, թե այժմ ծրագիրը կամաց-կամաց են իրականացնում, որպեսզի հասկանան, թե տարածաշրջանի որ մասում է հարմար կառուցել արևային կայանը, որ մասում ինչ հետևանք է այն թողնում ցանցի վրա, որպեսզի հետագայում որոշումներն այնպես կայացվեն, որպեսզի ցանցի վրա ոչ մի բացասական ազդեցություն չլինի, ինչպես նաև հուսալիության անկում չլինի։
Հարցին, թե հնարավոր է, որ ինչ-որ մի օր այլընտրանքային էներգիան զբաղեցնի Հայաստանում սպառվող էներգաբալանսի 50 տոկոսը, Հայկ Հարությունյանը պատասխանեց. թե ամեն ինչ կախված է ակումուլյացիոն տեխնոլոգիաների զարգացումից, ինչպես նաև արևային տեխնոլոգիաների զարգացումից, ապա ավելացրեց.
«Դրա համար հիմա ամեն ինչ պետք է անել, որ էներգետիկ ոլորտի պլանավորումը և կառավարման համար օգտագործվող մեխանիզմները ճկուն լինեն, որպեսզի շուկայի փոփոխությունները նույնպես ճկուն ներդրվեն համակարգում։ Հիմա մենք մինչև 2036 թվականի համար ունենք զարգացման մոտ 150 տարբեր սցենարներ։ Շուկայում ցանկացած փոփոխություն բերում է սցենարի վերանայման»։
Փոխնախարարն ասաց նաև, թե 55 ՄՎտ-անոց կայան կառուցելու համար մրցութային բավական ակտիվ փուլում են գտնվում. «Դա միջազգային մրցույթ է, որի արդյունքում կունենանք շատ մրցունակ սակագին»:
Էներգետիկայի փոխնախարարն ասաց նաև, թե այլընտրանքային էներգայի մյուս ճյուղերից մեկն էլ՝ քամու կայանների ներդրումային մի քանի ծրագիր ընթացքի մեջ են, չափումներ են ընթանում։
«Համոզված եմ, որ մոտակա տարիներին կմասնակցեք նաև հողմակայանների բացմանը, քանի որ կան հստակ ներդրումային ծրագրեր», - նշեց նա:
Նշենք, որ «Թալին-1» արևային կայանը Հայաստանում երկրորդն է. մոտ մեկ ամիս առաջ արդեն բացվել է 0,5 ՄՎտ-անոց «Արևիկ» կայանը։