08/11/2017 16:18
400 հոգին 17 հազար ուսանողի անունից հանդես գալու իրավունք չունի. ԵՊՀ ՈւԽ-ն առաջիկայում կհայտնի դիրքորոշումը տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներն այսօր առավոտից կրկին դասադուլ էին անցկացնում:
Բողոքող ուսանողները երեկ պետք է հանդիպեին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն հրաժարվել են հանդիպումից։ Ուսանողների խոսքով` իրենց տեղյակ չի պահվել հանդիպման ձևաչափի մասին: Նշվել է, որ իրենցից կարող է մասնակցել 4 ներկայացուցիչ, ինչպես նաև մասնակցելու են բուհերի Ուսանողական խորհուրդներից երկուական ներակայացուցիչ, այն դեպքում, երբ որևէ Ուսանողական խորհուրդ այս ընթացքում կողմ կամ դեմ չի արտահայտվել օրինագծին։
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի դիրքորոշումն այս պահին հարցի վերաբերյալ չեզոք է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը։
«Ուսանողները մեզ մոտ մոտավորապես 17 հազար են ու ուսանողների շատ քիչ տոկոսն է, որ բողոքում է տարկետման վերացման խնդրից։ Ուսանողների մոտ 80 տոկոսն անտարբեր է այս խնդրին, ցավոք սրտի, բայց, միևնույն ժամանակ, մոտ 400 ուսանող դասադուլ էին անում ու պահանջում էին, որ տարկետում լինի։ Ուզում եմ ասել, որ օրենքի նախագիծը շատ ավելի լայն է ու, ընդհանուր առմամբ, ուսանողական խորհուրդը դիրքորոշում, որպես այդպիսին, դեռևս չի արտահայտել, առաջիկայում է նախատեսում քննարկել ու վերջնական կարծիք արտահայտել», - ասաց Ա. Խաչիկյանը։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը նշեց, որ իրենք դեռևս շարունակում են ուսումնասիրել ուսանողների կարծիքը նախագծի շուրջ։
«Ուսխորհուրդը ներկայացուցչական մարմին է, որը ընտրվել է կուրսերում ուսանողների կողմից, այն մադրիկ, ովքեր ընտրվել են, պետք է ինչ-որ ձևով ուսումնասիրեն, հասկանան ու հենց այսօր ես խնդրել եմ, որ քանակական ու որակական ինֆորմացիա տան, թե ուսանողները ինչպիսի կարծիք ունեն նախագծի վերաբերյալ, նախատեսում ենք որոշակի սոցիոլոգիական հարմար մեթոդ ընտրենք, հարցում իրականացնենք, որպեսզի հասկանանք ուսանողների դիրքորոշումն ինչպիսին է, որովհետև չորս հարյուր հոգին 17 հազար ուսանողի անունից հանդես գալու, գոնե իրավական ֆորմալ կամ ոչ ֆորմալ, իրավունք չունի», - ընդգծեց Արմեն Խաչիկյանը։
Նա նշեց, թե այն պահանջները, որ առկա է դասադուլ իրականացնող ուսանողների մոտ, իրենք պարբերաբար քննարկել են նրանց հետ։
«Կազմակերպիչներից շատերն անձամբ իմ ընկերներն են, ուսխորհրդից մի քանի ներկայացուցիչներ կան, ովքեր մասնակցում են դասադուլին, բայց այս պահին ուսանողական խորհրդի ու անձամբ իմ մոտեցումը խնդրին դեռևս չեզոք է», - ասաց նա՝ ընդգծելով, թե խնդրի մեջ դասադուլ իրականացնողները ունեն հիմնավորված արգումենտներ, միևնույն ժամանակ, որոշակի արգումենտների հետ, գոնե ՈՒԽ նախագահը համաձայն չէ։
Արմեն Խաչիկյանն ասաց, որ անձամբ իր օրինակով կարող է ասել, որ բանակում ծառայելուց հետո էլ հնարավոր է գիտությամբ զբաղվել։
«Ես անձամբ ծառայել եմ, ծառայել եմ դասադուլ իրականացնող ակտիվիստի՝ Դավիթ Պետրոսյանի հետ, միասին ծառայել ենք նույն տեղում, որից հետո վերադարձել ենք, երկուսս էլ շարունակել ենք ուսումը, ես մագիստրատուրայում էլ եմ սովորել, հիմա ասպիրանտուրայում ու շարունակելու եմ զբաղվել գիտությամբ, այսինքն՝ ես իմ օրինակով կարող եմ ասել, որ ինձ չի խանգարել բանակում ծառայելը, բայց, այո՛, կարող են լինել դեպքեր, երբ որ մարդու ճակատագրի բերումով դժվարություններ առաջանան ու դժվար լինի բանակից հետո գիտությամբ զբաղվել», - նշեց ԵՊՀ ՈւԽ նախագահը։
Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե երեկ ԵՊՀ-ում դասերից բացակայած ուսանողներին գրավոր նկատողություն է հայտարարվել, Արմեն Խաչիկյանն ասաց, որ նման ինֆորմացիա դեռևս չկա։
«Եթե նման ինֆորմացիա լինի, ես կիմանամ, այս պահի դրությամբ նման բան չկա։ Ես կարծում եմ, որ մարդիկ, եթե իրենց մեջ բողոք է կուտավել, թող արտահայտեն, ես խրախուսում եմ», - նշեց Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը։