11/11/2017 09:50
Ուսանողների դասադուլները և բողոքի ցույցերը ծանր հետևանքներ կունենան Կարեն Ավագյանի համար. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Կարեն Ավագյանը կլինի ուսանողական ցույցերի առաջին զոհը։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունման դեմ սկսված ուսանողների դասադուլները և բողոքի ցույցերը կարող են ծանր հետևանքներ ունենալ ԱԺ պատգամավոր, երիտասարդական տարիքը վաղուց հրաժեշտ տված, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի համար։
Իշխանությունները տարեկան հարյուր միլիոնավոր դրամներ են հատկացնում այս հիմնադրամից երիտասարդությանը իրենց հսկողության տակ պահելու և կառավարելի դարձնելու համար։
Մինչդեռ ուսանողների ընդվզումը ցույց տվեց, որ Կարեն Ավագյանի և նրա հիմնադրամից աշխատավարձ ստացող մի քանի չինովնիկի ազդեցությունը հայ ուսանողության վրա զրոյական է։ Սա նշանակում է երկու բան՝ կա՛մ Կարեն Ավագյանը այս գումարները չի ծախսել ըստ նպատակի, մեղմ ասած, յուրացրել է, կա՛մ ուսանողները այդ հիմնադրամից օգտվել են, բայց հիմա հրաժարվում են Կարեն Ավագյանին բանի տեղ դնել»։