13/11/2017 18:14
ԵՄ-ն Վենեսուելային զենքի վաճառքի էմբարգո է սահմանել
Եվրամիությունը երկուշաբթի արգելել է Վենեսուելային զենքի և սարքավորումների մատակարարումը, որոնք կարող է օգտագործվել բռնաճնշումների նպատակով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԵՄ Խորհրդին։
«Խորհուրդն այսօր միանշանակ որոշում է կայացրել սահմանափակող միջոցներ ընդունել՝ ընդգծելով այդ երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ իր մտահոգությունը։ Դրանց թվում են զենքի և համապատասխան սարքավորումների մատակարարման էմբարգոն, որը կարող է օգտագործվել ներքին ճնշումների համար», - ասված է ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ։
Բացի այդ, ընդունվել է նորմատիվային փաստաթուղթ, որը դյուրացնում է մուտքի և ակտիվների սառեցման արգելք նախատեսող անհատական պատժամիջոցներ մտցնելը։
Բուն անհատական պատժամիջոցներն առայժմ դեռ սահմանված չեն։
Հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված միջոցները «կարող են կիրառվել փուլ առ փուլ և ճկունորեն և ուղղվել նրանց դեմ, ովքեր չեն հետեւում իրավունքի գերակայության ժողովրդավարական սկզբունքներին և խախտում են մարդու իրավունքները»։
«Այդ միջոցները կարող են չեղարկվել՝ կախված երկրի իրավիճակից, մասնավորապես, վստահության արժանացած ու նշանակալի բանակցությունների անցկացման, ժողովրդավարական ինստիտուտների հարգանքի, ընտրությունների անցկացման գրաֆիկի համաձայնեցման և քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում»,- հայտարարել են նախարարները։
Վենեսուելայում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ զանգվածային բողոքների հետեւանքով այս տարվա գարնանն ու ամռանը զոհվել է ավելի քան 120 մարդ։