14/11/2017 13:54
Ուսանողների բողոքի պատճառը «Սորոս» հիմնադրամից ստացված գրանտն է. Հայկ Բաբուխանյան
«Հանրային օրակարգ» ՀԿ-ն «Սորոս» հիմնադարամից ստացել է 20 հազար դոլար գրանտ, որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի մեզ համար կարևոր և մեծ նշանակություն ունեցող «Ազգ-բանակ» հայեցակարգը, ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։
«Հարցը վերաբերում է երկրի կարևորագույն զարգացումներին, և եթե բանավեճ է լինում, ապա պետք է զերծ մնալ օտարերկրյա ազդեցություններից։ Մեզ հասած տեղեկություններով՝ այդ գրանտը մի քանի օրվա մեջ է ստացվել։ Այն դեպում, երբ դրամաշնորհները ստանում են 6 ամսից 1 տարի ժամկետում, դիմումից մինչև ստանալը եղել է բառացիորեն մի քանի օր», - նշեց նա։
Բաբուխանյանի խոսքով՝ դրամաշնորհի պահանջներից մեկն էլ այն է, որ ուսանողների մեջ կազմակերպվի քննադատական պրոցես, ձևավորվեն ֆոկուս խմբեր:
«Այն, ինչ այսօր տեսնում ենք, «Սորոս» կոչվող չարիքի ազդեցություն տակ է: Այն դատարապտվել և արգելափակվել է ՌԴ-ում ու մի շարք այլ երկրներում, նաև ԱՄՆ-ի նախագահ Թրափի կողմից, որը թիրախավորվել է որպես երկրների ինքնիշխանության դեմ պայքարող համակարգ», - եզրափակեց Բաբուխանյանը։