14/11/2017 10:56
Բիլ Գեյթսը մտադիր է 100 միլիոն դոլար նվիրաբերել Ալցհեյմերի հիվանդության հետազոտությանը
Microsoft ընկերության հիմնադիր և նախկին ղեկավար Բիլ Գեյթսը մտադիր է 100 միլիոն դոլար նվիրաբերել Ալցհեյմերի հիվանդության հետազոտությանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մոտակա ժամանակներում գործարարը 50 միլիոն դոլար կփոխանցի Dementia Discovery Fund հիմնադրամին, որը ֆինանսավորում է գլխուղեղի պաթոլոգիաների հետազոտությունները: Գեյթսը մտադիր է նվիրաբերել գումարի մյուս մասը ստարտափերին, որոնք Ալցհայմերի հիվանդության բուժման միջոցներ են փնտրում:
«Հույս ունեմ, որ մոտակա 10 տարվա ընթացքում մենք ինչ-որ հզոր դեղամիջոց կստեղծենք, սակայն հնարավոր է նաև, որ դա տեղի չի ունենա. այսքան ժամանակ կարող է պահանջվել միայն փորձարկումների համար», - ասել է Գեյթսը:
«Գիտեմ՝ ինչ ահավոր է նայել հարազատ մարդկանց և տեսնել, որ հիվանդությունը զրկում է նրանց մտածելու ունակությունից: Ասես դիտում եք այն մարդու աստիճանական մահը, որին գիտեիք», - ասել է Գեյթսը: