14/11/2017 18:10
Իրանի արևմուտքում երկրաշարժի հետևանքով շուրջ 12 հազար տուն է ավիրվել
Շուրջ 12 հազար տուն է ավրվել Իրանի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, որտեղ 400-ից ավելի մարդ է մահացել: Այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր Մահիկի փրկության և օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին, հայտնում է РИА Новости-ն:
«Ավիրվել է շուրջ 12 հազար բնակելի շինություն», - Սալիմիի խոսքը մեջբերում է IRINN հեռուստաալիքը: Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Ալի Ասղար Մունեսանն ավելի վաղ հայտնել էր, որ երկրաշարժը վնաս է հասցրել մի քանի պատմական օբյեկտների և հուշարձանների:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի այցելել է երկրաշարժից առավել մեծ չափով տուժած Քերմանշահի նահանգ՝ տեղում գնահատելու իրադրությունը: Իրանի նախագահն այցելել է, այդ թվում, Սարե-Պոլե-Զոհաբի շրջան, որտեղ առավել մեծ է տարերքի զոհերի թիվը: