14/11/2017 12:11
Իրանում նոյեմբերի 14-ը հայտարարվել է համազգային սգո օր
Իրանի իշխանությունները նոյեմբերի 14-ը համազգային սգո օր են հայտարարել երկրաշարժի հարյուրավոր զոհերի հիշատակին, որը կիրակի տեղի է ունեցել Իրաքի հետ սահմանում, հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ կիրակի երեկոյան Իրանի և Իրաքի սահմանում մեկը մյուսի հետեւից երկու հզոր ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել 7,2 և 7,3 մագնիտուդով: Անցած գիշերվա ընթացքում գրանցվել են մինչև 4,9 մագնիտուդով երկու տասնյակից ավելի հետցնցումներ:
Ավելի վաղ եռօրյա սուգ էր հայտարարվել Իրանի Քերմանշահի նահանգում, որն առավել մեծ չափով է տուժել երկրաշարժից:
Ըստ վերջին տվյալների՝ միայն Իրանում զոհվել է շուրջ 450 մարդ, տուժել են ավելի քան 7 հազար բնակիչներ: Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել է յոթ զոհվածների և ավելի քան 530 տուժածների մասին: