15/11/2017 15:44
Դեռ չի եղել մի դեպք, որ ես երթևեկեմ «Աէրոֆլոտ»-ով ու իմ ճամպրուկի հետ որևէ կատաստրոֆա չլինի. Նիկոլ Փաշինյան
Այսօր ազգային ժողովում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կիսվեց Լոնդոն կատարած այցելության տպավորություններով: Նա ասաց, որ այցելությունն իրականացվել է «Աէրոֆլոտ» ընկերության միջոցով, Մոսկվայի օդանավակայանով:
Նրա խոսքով՝ օդանավ բարձրանալիս, հենց դռան մոտ եղել են բացառապես ռուսական թերթեր և պատգամավորի համար տարօրինակ էր՝ ինչո՞ւ ուղևորներին չեն առաջարկվում հայկական թերթեր, քանի որ այդ չվերթը նաև ՀՀ-ի սեփականությունն է: Բացի այդ, հայերենը օդանավում չի օգտագործվում:
«Երբ Լոնդոնից վերադարձանք Մոսկվա, անձրևոտ եղանակ էր, օդանավից պետք է իջնեինք «տռապով», որի հայերեն տարբերակը, ցավոք սրտի, չգիտեմ: Դա համապատասխան սարքով ծածկված էր, որպեսզի ուղևորները չթրջվեն: Նույն օրը մենք, բնականաբար, պետք է գայինք Երևան: Օդանավին նախ հասանք տասը րոպե երթևեկելուց հետո, իսկ օդանավին հասնելու համար լավ թրջվեցինք, ծածկոց չուներ: Այսինքն՝ Լոնդոնից եկողները պաշտպանված էին, իսկ Երևան թռչողները պաշտպանված չէին», - տպավորությունները ներկայացրեց Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ «Աէրոֆլոտ» ընկերության հետ ինքը մշտապես խնդիրներ է ունեցել. «Դեռ չի եղել մի դեպք, որ ես երթևեկեմ այդ ավիաընկերության միջոցով ու իմ ճամպրուկի հետ որևէ կատաստրոֆա չլինի, որևէ ձևով չվնասվի»:
Նա հորդորեց կառավարությանը, մասնավորապես, ՔԱԳՎ-ին լուծել այդ հարցերը: