15/11/2017 17:25
6-րդ դասարանի երեխայի պայուսակը կշռում է նույնքան, որքան ԱԿՍ 74 ինքնաձիգը՝ ամբողջությամբ լիցքավորված փամփշտակալով. պատգամավորի մտահոգությունը
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը կշռել է իր և իր ընկերների 15-20 տարբեր տարիքային խմբերին պատկանող երեխաների դպրոցական պայուսակները և պարզել, որ միջինում 12 տարեկան երեխայի դպրոցական պայուսակը կշռում է 5 կգ 200 գրամ:
«Որպեսզի պատկերավոր լինի, թե ինչ քաշ է 6-րդ դասարանի երեխայի համար, ասեմ՝ ճիշտ այդքան՝ 5.2 կգ կշռում է ԱԿՍ 74 ինքնաձիգն ամբողջությամբ լիցքավորված փամփշտակալով, վրան էլ ամրակցված 40 մմ-անոց «ՌՊ» նռնականետը՝ նռնակն էլ մեջը», - ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց պատգամավորը:
Բացի այդ, պատգամավորն ուսումնասիրել է նաև միջին գնի սահմաններում շուկայում վաճառվող ուսապարկերը և պարզել, որ դրանք հարմարեցված չեն բեռը ուսերից մինչև կոնքամաս համաչափ բաշխելու համար: Ասաց, որ նաև դիտարկել է տվյալներ, որոնց համաձայն՝ երեխաները համակարգիչների ու պլանշետների դիմաց անցկացնում են մինչև 6 ժամ:
Պատգամավորը կառավարությունից հետաքրքրվում էր, թե ի վերջո ե՞րբ են դասագրքերը թվայնացվելու, այդ դասագրքերը տեղափոխվելու պլանշետի մեջ:
Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ի պատասխան պատգամավորի հարցին, ասաց, որ էլեկտրոնային կրթությանն անցումը ծախսատար է և կարող է բյուջեի վրա «լուրջ ծանրություն» լինել:
«Հիմա բանակցում ենք մասնավոր ներդրողի հետ: Փորձելու ենք առաջիկայում այնպես անել, որ այն պահից, երբ դպրոցում սկսվում է առարկայական ճյուղավորումը՝ 6-րդ-ից 9-րդ դասարանը, կարողանանք պլանշետային համակարգը ներդնել: Ունենք նախնական խոսակցություն «Սամսունգ» ընկերության հետ, որոնք պատրաստ են էժան պայմաններով տալ այդ պլանշետը: Բայց դրա համար անհրաժեշտ են ներդրողներ», - արձագանքեց Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է էլեկտրոնային դասագրքերին, ապա Մկրտչյանի խոսքով, այն արդեն ստեղծված է:
«Ունենք ծրագիր, եթե մենք կարողանանք տեխնիկական հագեցվածությունը քայլ առ քայլ անել, ապա առկա գրադարանի պայմաններում երեխաները կարող են դասագրքերը թողնել տանը և պլանշետներով ներկայանալ դպրոց», - հավելեց Մկրտչյանը:
Պատգամավորն իր արձագանքի ժամանակ մտահոգություն հայտնեց նաև բնագիտական առարկաների ուսումնասիրման հետ կապված լաբորատորիաների չհագեցվածությունը:
«Այսօրվա վիրտուալ լաբորատորիաները հիանալի ծրագրեր են ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և այլն: Հեռանկարում տնտեսական ներդրումները այդ ոլորտում ավելի արդարացված են, քան անընդհատ գիրք տպելը, գույք վերանորոգելը և այլն», -հավելեց Սաղաթելյանը:
Ի պատասխան նախարար Մկրտչյանն ասաց, որ փորձագիտական շրջանակների կարծիքով, ավանդական գիրքը, տետրն ու լաբորատորիաների գոյությունը անհրաժեշտություն են:
Մեկ այլ խնդիր էլ նախարարը բարձրաձայնեց. «Մեր երեխաները եվրոպացի երեխաների նույն տարիքային խմբի հետ համեմատ ծանրաբեռնված են. եթե նրանք շաբաթական ունեն մոտավորապես ասենք՝ 15-16 առարկայի ծանրաբեռնվածություն, ապա մեր ծանրաբեռնվածության ծավալը հասնում է մինչև 20: Դպրոցի ծրագրային բեռնաթափումը հիմնական խնդիրներից է և առաջիկայում այդ բեռնաթափումը պետք է լինի»: