15/11/2017 18:51
Կառավարությունը 2017-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու դաշինքներին փող կտա
Կառավարության վաղվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին որոշման նախագիծ է ներկայացնելու։
Ըստ ներկայացված նախագծի՝ կառավարության նման որոշումը պայմանավորված է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության մասով նախատեսված միջոցների II կիսամյակի գումարների ըստ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների բաշխման ապահովմամբ:
Նախագծում նշված է, որ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրի գծով ճշտված գումարը կազմում է 100.9 մլն դրամ, որի դիմաց ս/թ հոկտեմբերի 24-ի դրությամբ ֆինանսավորումը կազմում է 42.1 մլն դրամ՝ ըստ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման:
Նշված ծրագրի գծով II կիսամյակի չբաշխված մնացորդը կազմում է 58.8 մլն դրամ:
Այդ գումարից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կտրվի 30 միլիոն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին՝ 17 միլիոն, «Ելք» կուսակցությունների դաշինքին՝ 4 միլիոն, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության՝ 4 միլիոն դրամ։
Ի դեպ, աջակցություն կստանա նաև խորհրդարան չանցած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 2 միլիոն դրամ։