16/11/2017 15:20
Տարածաշրջանում գրանցվող երկրաշարժերից Հայաստանի վրա անմիջական սպառնալիք չկա. Հրաչյա Պետրոսյան
ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ որևէ հիմք չկա ասելու, թե Հայաստանում ուժգին երկրաշարժ է սպասվում։
- Պարոն Պետրոսյան, հերթական երկրաշարժը գրանցվեց տարածաշրջանում։ Վերջին շրջանում դրանք պարբերական բնույթ ունեն՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան։ Հայաստանին սպառնո՞ւմ է այն։
- Հայաստանի վրա անմիջական սպառնալիք չկա, քանի որ դրանք հարում են այլ սեյսմոտեկտոնական գոտիներին, որոնք Հայաստանի տարածքի հետ չեն խաչվում և մեր տարածքով չեն անցնում։
- Հետցնցումներ կա՞ն և դրանք կարո՞ղ են զգացվել Հայաստանի սահմաններում։
- Հետցնցումներ արդեն եղել են և այժմ էլ կան, թվով 8 հետցնցում է եղել Ադրբեջանում։ Արցախում և Սյունիքում մինչև 2 բալի ուժգնությամբ հետցնցումներ գուցե զգացվեն, բայց բնակչությունն արդեն տեղեկացված է։ Մենք էլ պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք։
- Կարո՞ղ ենք ասել, որ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության նոր փուլ է սկսում։
- Խուճապի որևէ հիմք չկա։
- Հայաստանում ո՞ր վայրերում են առավել զգացվում ցնցումները։
- Հայաստանի տարածքը երկրաբանական առումով խիստ անհամասեռ է, այն բաժանված է որոշակի հատվածների կամ ինչպես մենք ենք ասում՝ բլոկերի։ Այդ բլոկերի սահմանները ակտիվ կամ ոչ ակտիվ երկրաբանական տեկտոնական խզվածքներն են կազմում։ Հայաստանում կան մեծ քանակությամբ երկրաբանական խզվածքներ, բայց դրանց մի փոքր մասն է համարվում ակտիվ՝ գործող, շնչող և սեյսմածին։ Գառնիի, Սպիտակի, Ախուրյանի, Փամբակ-Սևանի խզվածքներում են զգացվում ցնցումներ, որոնք էլ համարվում են ակտիվ խզվածքային գոտիներ։
- Հայաստանում ուժգին երկրաշարժի ռիսկ կա՞, թե՞ ոչ։
- Այսօր մենք տվյալներ չունենք, որպեսզի ասենք, թե ուժեղ երկրաշարժի վտանգ է սպառնում։ Մեր կայաններն այսօրվա դրությամբ այդպիսի տվյալներ չեն գրանցել։ Կայաններն աշխատում են շուրջօրյա, ծառայությունում ունենք շուրջօրյա հերթապահություն, օրվա բոլոր ժամերին կան հերթապահներ, սեյսմաբաններ, օպերատորներ, այնպես որ, վերահսկում ենք սեյսմիկ ռեժիմը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում։
- Այս տարվա ընթացքում քանի՞ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում։
- Մոտավորեպես 45։ Նայած տարի և նայած ամիս, դրանք տարեկան տատանվում են 40-45-ի սահմաններում։
- Ինչ-որ կերպ կապ ունե՞ն եղանակի հետ։
- Չունեն, որովհետև երկրաշարժերի օջախները ձևավորվում են մեծ խորությունների վրա։ Մեր տարածաշրջանում դրանք մինչև 30-35 կմ են, որոնք համարվում են փոքր խորության օջախներ։ Համեմատության համար նշեմ, որ առավելագույն խորության օջախը գրանցվել է Հարավարևելյան Ասիայում, եղել է 720 կմ խորության։ Այնպես որ, մեր տարածաշրջանում 35 կմ-ն համարվում է համեմատաբար փոքր խորություն, սակայն մեծ թիվ է, որպեսզի եղանակի փոփոխություններն ազդեն ընդերքում տեղի ունեցող պրոցեսների վրա։