20/11/2017 12:55
Տարկետման սահմանափակման մասին կլոր սեղան-քննարկումը կվարի Շարմազանովը. ներկա կլինի ԿԳ նախարարը, ՊՆ-ից՝ Արտակ Զաքարյանը
Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ «Զինապարտության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճելի կետերը քննարկելու համար։
Շաբաթ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ և որոշել քննարկման ձևաչափը։
«Որոշվել է, որ քննարկմանը հինգ հոգի կլինի «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունից, հինգ հոգի՝ մյուս կողմից», - «Ազատության» եթերում հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
Կլոր սեղան-քննարկումը վարելու է Էդուարդ Շարմազանովը։
«Հանդիպմանը լինելու են ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԱԺ կրթական հանձաժողովից լինելու է Վարդան Բոստանջյանը, սոցիալական հանձաժողովից՝ Հակոբ Հակոբյանը, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը երկրում չի լինելու, նրան կփոխարինի այլ մարդ», - ասաց Դավիթ Պետրոսյանը։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները վստահ են՝ այդ օրը ինչ-որ հաջողության հասնելու են:
Նշենք նաև, որ կլոր սեղան-քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերով։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:
Նշենք նաև, որ 120 գիտաշխատող և դասախոս հանդես է եկել հայտարարությամբ` սատարելով ուսանողների շարժմանը: