20/11/2017 17:03
Իրաքի դատարանն անօրինական է ճանաչել Քուրդիստանի անկախության հանրաքվեն
Իրաքի դաշնային դատարանը երկուշաբթի Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հակասահմանադրական լինելու մասին վճիռ է կայացրել, հայտնել է երկրի տեղեկատվական գքործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Բաղդադի գերագույն դաշնային դատարանը հայտարարել էր, որ Իրաքի սահմանադրությունը երկրի որևէ մասի անջատման հնարավորություն տվող հոդվածներ չի պարունակում:
Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզը սեպտեմբերի 25-ին Իրաքից անկախանալու հանրաքվե էր անցկացրել, որում անկախացմանը կողմ էին քվեարկել քրդերի 93 տոկոսը: Բաղդադը հանրաքվե անցկացնելու համաձայնություն չէր տվել և չի ընդունել դրա արդյունքները:
Քրդերի կողմից հանրաքվեի անցկացումից հետո Բաղդադը մի շարք պատժիչ միջոցների է դիմել քրդերի տարածքային կառավարության նկատմամբ, նաև ուժային գործողություններ է սկսել ինքնավարության հետ վիճելի տարածքներում՝ առաջին հերթին Քիրքուքի նահանգում: Կողմերը փորձում են երկխոսություն վարել, սակայն մի շարք հարցերում հակասությունները պահպանվում են: