21/11/2017 14:00
Ինչո՞ւ է Լևոն Արոնյանի կինը նշանակվել վարչապետի խորհրդական. պարզաբանում են կառավարությունից
Այսօր տեղեկացրել ենք, որ Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական․
Արիաննե Կաոիլիին նշանակվել է Կարեն Կարապետյանի խորհրդական հասարակական հիմունքներով:
Նշանակումից հետո ակտիվորեն քննարկվում էր, թե ինչ խորհուրդներ պետք է տա Լևոն Արոնյանի կինը ՀՀ վարչապետին. այդ առիթով կառավարությունը վարչապետի նոր խորհրդականի մասին ինֆորմացիա է տարածել։
«Արիաննե Կաոիլիին կառավարման և բիզնես խորհրդատվության մասնագետ է: Նա աշխատանքային փորձ ունի ֆինանսների, կառավարչական, գյուղատնտեսական և հանքարդյունաբերական ոլորտներում: Որպես խորհրդատու՝ նա ընդգրկված է եղել Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia Pacific Economic Cooperation (APEC)) բիզնես խորհրդատվաական խմբում:
Վերջին տարիներին բնակվելով Հայաստանում՝ նա ակտիվ գործունեություն է իրականացրել հանրային, քաղաքացիական հասարակության և այլ ոլորտներում:
Արիաննե Կաոիլիին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների նեգրավման, միջազգային ֆինանսական և առևտրային կառույցների հետ համագործակցության և մի շարք այլ բնագավառներում», - ասված է կառավարության հաղորդագրությունում։