21/11/2017 14:24
Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը և Հայաստանը միայն լավ հարևաններ չեն, մեզ միավորում է նախնիների սխրանքների հպարտությունը (Տեսանյութ)
Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, երկրները խթանում են համատեղ նախաձեռնությունները տնտեսության և էներգետիկայի, տրանսպորտի և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:
Պուտինի անունից ուղերձն ընթերցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Երևանում «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացման ժամանակ:
«Կարևոր է, որ այսօր ռուս-հայկական երկխոսությունը հաջողությամբ զարգանում է, լցվում է իրական գործերով և ապագայի ծրագրերով: Երկուստեք խթանում են համատեղ նախաձեռնություններ՝ տնտեսության և էներգետիկայի, տրանսպորտի և ռազմատեխնիկական համագործակցության, ընդլայնվում է գիտության և կրթության բնագավառներում փոխգործակցությունը, միմյանց աջակցում են համաշխարհային ասպարեզում», - ասված է ուղերձում:
«Ռուսաստանն ու Հայաստանը միայն լավ հարևաններ չեն, մենք միասնական ենք պատմության ընդհանուր էջերով, հպարտ ենք մեր նախնիների սխրանքներով, բարեկամության և փոխըմբռնման ավանդույթներով, որոնք մեզ համար շատ թանկ են», - ասել է Պուտինը: