21/11/2017 16:43
«Դիլիջան» գործարանը ծրագրում է ոչ ալկոհոլային գարեջրով մտնել Իրանի շուկա (Տեսանյութ, լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այսօր ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը:
«Հ և Տ Հակոբյաններ» ընկերությանը պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարանն ունի 10 մլն լիտր արտադրական հզորություն: Պետությունը աջակցություն է ցուցաբերել Տավուշի մարզում 2,5 մլրդ դրամի ներդրումային ծրագրի իրականացմանը, մասնավորապես, ներմուծվող սարքավորումների մի մասի հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 3 տարի ժամկետով:
Գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ գործարանը ստեղծել է մոտ 90 աշխատատեղ, աշխատողների 90 տոկսոը տավուշեցիներ են:
«Մեր գլխավոր նպատակը հենց մարզային աշխատատեղեր ստեղծելն էր: Այս պահին աշխատում է 90 մարդ, սակայն քանի որ գարեջրի արտադրությունը սեզոնային է, սեզոնին աշխատատեղերի թիվը նախաեսում ենք հասցնել 150-ի», - ասաց Հակոբ Հակոբյանը՝ նշելով, որ աշխատողների միջին աշխատավարձը կազմում է մոտ 100 000 դրամ:
Ինչ վերաբերում է գարեջրի սպառման շուկային, սեփականատիրոջ խոսքով, հիմնականում նախաետեսված է ներքին շուկան, սակայն արտահանումներ կլինեն ՌԴ, Վրաստան, ԱՄՆ և եվրոպական երկրներ:
«Ծրագիր ունենք նաև ոչ ալկոհոլային գարեջրով մտնել Իրանի շուկա: Դրա համար բավականին մեծ աշխատանք է պետք կատարել, բայց կարծում եմ՝ կհաջողվի», - ասաց նա:
Հակոբ Հակոբյանն ընդգծեց, որ այսօր գործարանն արտադրում է 2 տեսակի՝ «Դիլիջան» և «Դիլիջան-1» անվանումներով գարեջրեր, որոնցից մեկը նման է գերմանական գարեջրի, մյուսը՝ չեխական:
«Նպատակ չունենք մրցակից լինել տեղական մյուս գարեջրերին, այս գարեջուրն ավելի շատ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Արտերկրից այսօր բավականին գարեջուր է ներմուծվում և այս գործարանի նպատակներից է նաև ներմուծվող գարեջրերի դեմ պայքարել ու փոխարինել դրանք տեղականով», - ասաց նա:
«Դիլիջան» գործարանի գարեջուրն այսօր արտադրվում է 0,45 լիտր և 0,33 լիտր շշերով, որոնք գործարանից բաց են թողնվում համապատասխանաբար 300 և 255 դրամով:
Գարեջրի փորձնական խմբաքանակն արդեն վաճառվում է մի շարք խանութներում:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2,5 մլրդ դրամ, որից մոտ 1 մլրդը ծախսվել է շինությունների վրա, իսկ 1,5 մլրդը՝ մեքենա-սարքավորումների: