23/11/2017 11:26
Ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարագ 2030» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Թվային օրակարգի մշակման ընթացքի ու 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ հանձնարարական տվեց:
Վարչապետը նշեց, որ ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարագ 2030» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները:
«Անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման ու դրանց իրագործման աշխատանքները», - ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը Հանրապետական գործադիր մարմինների բոլոր անդամներին հանձնարարեց 3-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել ըստ ոլորտների թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձնանց թեկնածությունները:
Վարչապետը հանձնարարեց 2 շաբաթում մշակել ու կառավարություն ներկայացնել 2018 թվականի թվային փոխակերմպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար:
«Մասնավորապես անդրադառնալ հետևյալ ոլորտներին՝ կառավարման փոխգործության պլատֆորմի ու հանրային ծառայությունների կառավարման մեկ պատուհանի ներդրում, բնական ռեսուրսների ու հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական, մասնավորապես՝ սոցիալական , համայնքային ու այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում, տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում և այլն», - նշեց վարչապետը:
Վարչապետն ընդգծեց՝ թվային միջավայրի ձևավորման շրջանակներում համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումը իրականցնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ:
Կարեն Կարապետյանը հիմնադրամի տնօրենին հանձնարարեց առաջարկությունները ստանալուն պես ամփոփել ու մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել 2018-2020 թվականի թվայնացման գործողությունների ծրագիրը: