25/11/2017 11:33
Ադրբեջանի դիվանագիտությունը երեկ համաեվրոպական հարթակում ուղղակի ֆիասկո արձանագրեց. Ռուբեն Մեհրաբյան
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Բրյուսելում, Հայաստանի համար պատմական իրադարձություն էր, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
«Սա Հայաստանի համար պատմական փաստաթուղթ էր։ Սա միայն Հայաստանի իշխանությունների փաստաթուղթը չէ, սա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու փաստաթուղթն է, որից շահելու է այդ քաղաքացին։ Դրա մասին նաև ասաց Սերժ Սարգսյանը», - նշեց քաղաքագետը։
Մեհրաբյանն ասաց, թե այս փաստաթղթի իրագործումը չի կարելի թողնել միայն իշխանության անել-չանելու վրա, դրա իրագործման համար պետք է շատ բարձր նախաձեռնողականություն ցուցաբերեն քաղաքացիները։
Համաձայնագրի ստորագրումից հետո երկու մասի բաժանված քաղաքացիների միջև նկատվող համերաշխությունն էլ, ըստ Ռ.Մեհրաբյանի, գերազանց է.
«Դա այն է, ինչ պետք է լինի կայացած պետության պարագայում։ Շատ ցանկալի կլինի, որ այս ոգով շարունակվի գործընթացը»։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը շատ ավելի կանխատեսելի է դարձնում տարածաշրջանում իրավիճակը։
«Մեծապես ողջունում եմ այն ընկալումը, որ կա եվրոպացիների շրջանում, այն է, ինչ բարձրաձայնեց Անգելա Մերկելը, որ Արևելյան գործընկերությունը նաև ԵՄ անվտանգության խնդիր է։ Ի հաստատում ասածի ԵՄ դիրքորոշումն է նաև ղարաբաղյան խնդրի հետ։ Այսինքն, պետք է ընդգծել, որ Ադրբեջանի դիվանագիտությունը երեկ համաեվրոպական հարթակում ուղղակի ֆիասկո արձանագրեց», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, թե համաձայնագիրը ղարաբաղյան հարցի շուրջ իր ձևակերպումներով անվտանգության ոլրտում լրջագույն նշանակություն ունի Հայաստանի համար։