25/11/2017 11:08
Ամեն տարի արգանդի վզիկի քաղցկեղից Հայաստանում մահանում է 8 կին
Հայաստաում արգանդի վզիկի քաղցկեղը քաղցկեղային հիվանդությունների շարքում գտնվում է երկրրոդ տեղում, այսօր Ծաղկաձորում իմունականխարգելման գործընթացի իրազեկման դասընթացի ժամանակ տեղեկացրեց ՀՀ Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Ներկայացնելով Հայաստանում վիճակագրությունը՝ նա տեղեկացրեց, որ 2015-ին Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի հաշվառված դեպքերը 2030-ն են եղել, իսկ նոր հայտնաբերված դեպքերը՝ 257, մահացել է 130 մարդ։ 2016-ին հաշվառված դեպքերը եղել են 2990, նոր հայտնաբերվել է 243, իսկ մահվան դեպքերը կազմել են 115։
Գայանե Սահակյանի ներկայացմամբ՝ յուրաքանչյուր տարի Հայաստանում 100 հազար կնոջից արգանդի վզկի քաղցկեղ ախտորոշվում է 15-ի մոտ, 8-ը մահանում է այդ հիվանդության հետևանքով։
«Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդները հիմնականում միջին տարիքի են։ Սակայն մասնագետները վերջին կոնսիլիումի ժամանակ շեշտեցին, որ հիվանդացության երիտասարդացման միտում կա, այսինքն՝ հիվանդների տարիքային խումբը երիտասարդանում է՝ 24-35 տարեկան։ Մահացություններով մենք չենք զիջում եվրոպական երկրներին», - ասաց Գայանե Սահակյանը։
Նրա խոսքով՝ ապացուցվել է, որ արգանդի վզիկի քաղցկեղը մարդու պապիլոմավիրուսի հետևանք է։ Այն, ըստ մասնագետի, տարածված վիրուս է, որը փոխանցվել է սերտ շփման, այդ թվում՝ սեռական ճանապարհով։ Գոյություն ունի վիրուսի 200-ից ավելի տեսակ, որից 30-ը փոխանցվում է սեռական ճանապարհով։
Մարդու պապիլոմավիրուս վարակը կարող է մի քանի տեսակի քաղցկեղի և սեռական գորտնուկների զարգացման պատճառ լինել։ Արգանդի վզիկի քաղցկեղը, մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված, քաղցկեղների առավել տարածված տեսակներից է, որն ամբողջ աշխարհում 4-րդ տարածված քաղցկեղն է կանանց շրջանում։
Գայանե Սահակյանն ասաց, որ ապացուցված է՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն անվտանգ են և արդյունավետ։