27/11/2017 12:06
Եվրոպական ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ՀՆԱ-ն ավելի շատ է ընկել, քան Հայաստանինը. Աշոտյան
Լեռնային Ղարաբաղի հարցը ԵԱՏՄ-ի հետ կապելը ճիշտ չէ, Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի մասին խորհրդարանական լսումներին ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«ԼՂ հակամարտության կարգավորման դերակատարներից մեկը ՌԴ-ն է՝ որպես Մինսկի խմբի համանխագահ և այդ երկրի կեցվածքը ԼՂ հարցի լուծման գործում որևէ կասկած չի հարուցում: Հիշեցնեմ Լավրովի այցը և հայտարարությունները, այսինքն՝ ՌԴ-ն խաղում է և խաղալու է կարևոր հանգուցային դեր այս հարցում», - ասաց Ա.Աշոտյանը:
Վերջինս նաև չհամաձայնեց «Ելք»-ի այն փաստարկի հետ, որ, դառնալով ԵԱՏՄ անդամ, ՀՀ-ն զրկվել է այլ քաղաքական միավորումների հետ անկաշկանդ շփումից:
«Պետք չէ խորամանկել: Ցանկացած տնտեսական միավորում ունի քաղաքական բաղադրիչ, ինչպես ԵՄ-ն, որը թեև ստեղծվել է որպես բացառապես տնտեսական միություն, այսօր կամաց-կամաց վերածվում է քաղաքական միավորումի, նաև անվտանգության հարցը ներառելով», - նկատեց նա:
Ա.Աշոտյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունը բխում է Հայաստանի անվտանգության երաշխիքներից:
Անդրադառնալով «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե ՀՀ-ի ՀՆԱ-ն նվազել է ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո՝ Ա.Աշոտյանն ընդգծեց, որ դոլարային համարժեքով Հայաստանի ՀՆԱ-ն ընկել է, բայց էլ ավելի շատ է ընկել ՀՆԱ-ն այն երկրների, որոնք ստորագրել են Եվրոպական ասոցացման համաձայնագիրը, այդ թվում Ուկրաինայի, Վրաստանի, և սա դոլարի փոխարժեքի խնդիր է, ոչ թե տնտեսության անկման:
«Ցանկացած ասոցացման գործընթաց պահանջում է ինստիտուցիոնալ կայացում: ԵՄ-ն առ այսօր կայացնում է իր ինստիտուտները, եթե ԵՄ-ն, որ ունի 60 տարվա պատմություն, դեռ կայացնում է ինստիտուտները, ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն այս մի քանի տարվա մեջ պիտի հաղթահարի այդ դժվարությունները: Հա՞րթ է ամեն ինչ ԵԱՏՄ-ում՝ ոչ, հա՞րթ է ամեն ինչ ԵՄ-ում՝ ոչ», - նկատեց նա: