27/11/2017 13:09
ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, բայց ՌԴ-ի հետ կնքած համաձայնագրերով մենք ավելի էժան գնով ենք ռազմամթերք ձեռք բերում. Սամվել Նիկոյան
ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, ինչն անընդունելի է, բայց ՀՀ-ն էլ ՌԴ-ի հետ կնքած համաձայանգրերով ավելի էժան գնով է զենք ձեռք բերում, ԱԺ-ում «Ելք»-ի նախաձեռնությամբ կազմակերպված ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիոկյանը:
«Այո, դուք ճիշտ եք, ես համաձայն եմ ձեզ հետ, սա անընդունելի է, բայց դրա հետ մեկտեղ բոլոր այն համաձայնագրերը, որոնք մենք ՌԴ-ի հետ կնքել ենք ու ավելի էժան գնով ենք ռազմամթերք գնում, փաստ է: ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, ինչը շատ վատ է, բայց մենք մեր ազգային անվտանգությունը կարողանում ենք ապահովել՝ ձեռք բերելով զինատեսակներ շատ ավելի էժան գներով: Այդ առումով այսօր ՀԱՊԿ-ի շրջանակում մեր անդամագրումը արդյունավետ է», - նշեց Նիկոյանը:
Վերջինս նկատեց, որ միությունում ևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել, մինչդեռ ԵԱՏՄ-ն նոր հնարավորություն է ՀՀ-ի համար:
«Պատկերացրեք, որ ԵԱՏՄ անդամ չէինք, ՌԴ-ի հետ չէինք կարող ունենալ տնտեսական հարաբերություններ, ո՞ւր էին արտահանվելու գյուղմթերքները», - նշեց նա:
Անդրադառնալով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրին՝ պատգամավորն ընդգծեց, որ դա ՀՀ արտաքին քաղաքականության հաղթանակն էր ու ՀՀ-ն ցույց տվեց, որ ինքնիշխան պետություն է ու ինքն է կառուցում իր արտաքին հարաբերությունները: