27/11/2017 10:49
Դպրոցներում պապիլոմավիրուսի դեմ պատվաստում չի կատարվելու. Առաջին պատվաստվողները բժիշկների երեխաներն էին. Լուսանկարներ
Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ Ծաղկաձորում ընթացող դասընթացի ժամանակ մասնակիցների ներկայությամբ կատարվեցին արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելող առաջին պատվաստումները։
Առաջինը պատվաստվեցին բժիշկների դուստրերը՝ «Վարդանանց» բժշկական կենտրոնի մանկաբուժության ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի երկու աղջիկները, Արաբկիր բժշկական կենտրոնի նյարաբանական ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի և ՀՀ ԱՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի բժշկուհի Ալմաստ Հարոյանի աղջիկը։ Պատվաստվողների թվում էր նաև լրագրողներից Կարինե Սահակյանը։
Մինչ պատվաստման մեկնարկը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը ներկայացրեց՝ ինչպես պետք է տեղի ունենա գործընթացը։
Նրա խոսքով՝ երեխան պետք է պատվաստվի միայն պոլիկլինիկայում, իսկ պատվաստողը պետք է լինի նրան հսկող տեղամասային բժիշկը, որը նորածնային տարիքից ծանոթ է երեխային ու գիտի նրա հիվանդության պատմությունը։
«Առաջնային օղակի բոլոր բուժքույրերն ու բժիշկներն անցել են ուսուցում ինչպես ցանկացած նոր պատվաստանյութի ժամանակ, այնպես էլ այս պատվաստանյութի մասին։ Իրենց ձեռքի տակ ունեն բոլոր ազգային ուղեցույցները, որոնցում արծարծված է ցանկացած հարց», - ասաց Կիրակոսյանը։
Ցանկացած պատվաստումից առաջ, մասնագետի խոսքով, կատարվում է երեխայի կամ մեծահասակի առողջական վիճակի գնահատում։ «Եթե նայենք միջազգային կազմակերպություններին, ապա ըստ նրանց, բավարար է նույնիսկ հարցնել, թե ինչպես է զգում երեխան բայց ՀՀ-ում կա մոտեցում, որ պետք է գնահատվի երեխայի վիճակը՝ սուր ռեսպիրատոր հիվանդությունները բացառելու համար», - ասաց Մարինե Կիրակոսյանը։
Հարցին, թե արդյոք օրինաչափ է, որ պատվաստումն իրականացվի պոլիկլինիկայից դուրս, Կիրակոսյանը պատասխանեց, որ դա բնական երևույթ է և ընդունված։ «Որոշ դեպքերում, ըստ անհրաժեշտության, եթե պետք է պատվաստում կատարել կենտրոնացված մի հատվածում, մեր բժիշկներն ունեն սառնարանային պայուսակ, որում պահպանվում է պատվաստանյութը, իրենց հետ տանում են և պատվաստում են։ Դա արտագնա սեսիայի մաս է, որը կարող է իրականացվել նաև գյուղական հատվածներում», - նշեց մասնագետը։
Նա նաև ընդգծեց, որ դպրոցներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստում չի կատարվելու։ «Ծնողը պետք է տեղեկացված լինի, որ երեխան պետք է ստանա պատվաստում ու գտնվի նրա կողքին», - նշեց նա։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 11-ից, սակայն ոչ թե դպրոցներում այլ տեղամասային պոլիկլինիկաներում։ Պատվաստումն իրականացվելու է 13-14 տարեկան աղջիկների շրջանում, իսկ ավելի հստակ կպատվաստվեն 2004-ի հուլիսից հետո ծնված աղջիկները, որոնց թիվը կազմում է շուրջ 16 հազար։ Երեխաները պատվաստվելու են երկու դեղաչափ, որոնց մեջ ինտերվալը լինելու է վեց ամիս։ Պատվաստվելու են «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով: