28/11/2017 16:26
Խորհուրդ կտամ հիմք ընդունել ՌԴ պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները, ոչ թե՝ մասնավոր կարծիքը. Ժելեզնյակը՝ «Զվեզդա»-ի հաղորդման մասին
Այն դիրքորոշումը, որը երեկ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, արտահայտում է իրենց կուսակցության տեսակետն ու համահունչ է ՌԴ իշխանական տեսակետին:
«Դա է Ռուսաստանի պաշտոնական տեսակետը», - այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից նախաձեռնած երկկողմ կլոր սեղան-կոնսուլտացիա հերթական փուլից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Ժելեզնյակը։
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նա ընդգծել էր, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների և համագործակցության զարգացման «և՛, և՛»-ի, այլ ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությանը: Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի և ԵՄ-ի հետ, ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական և իշխող քաղաքական ուժի մոտեցումները:
«Ռուսաստանը միշտ առավելագույն համագործակցության կողմնակիցն է ու կողմնակից է այն ներուժի օգտագործմանը, որն ունի ցանկացած սուվերեն պետություն: Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն ու իրավունքները, որ օգտագործի զարգացման ներուժը և այն կողմում, որը կապված է ՌԴ-ի հետ, այն կողմում, որը կապված է ԵՄ-ի հետ», - նշեց նա։
Սերգեյ Ժելեզնյակն ընդգծեց, թե փաստաթղթերում հստակ ամրագրված է, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը որևէ կերպ չի կարող խանգարել այն պայմանավորվածություններին, որոնք արդեն կան։
«Անվտանգության համատեղ ապահովման, հումանիտար, տնտեսական ոլորտներում մենք ոչ միայն շարունակելու ենք համագործակցել, այլև՝ խորացնելու ենք մեր համագործակցությունը»,-վստահեցրեց Ս. Ժելեզնյակը։
Անդրադառնալով «Զվեզդա» հեռուստաալիքի ռեպորտաժին՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալն ասաց, թե Ռուսաստանն, ինչպես Հայաստանը, ժողովրդավարական երկիր է ու ցանկացած մարդ կարող է ունենալ իր կարծիքը:
«Մի բան է, երբ դա մասնավոր կարծիք է, մեկ այլ բան է, երբ դա ասում է պետական գործիչը։ Ես խորհուրդ կտամ հիմք ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակի հայտարարությունները, ՌԴ ԱԳՆ-ի տեսակետը, ՌԴ կառավարության տեսակետը ու ընդհանրապես, ՌԴ պետական մարմինների հայտարարությունները, որոնք կարող են ներկայացնել Ռուսաստանի պշտոնական տեսակետը», - հորդորեց նա։
«Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդավար Վերոնիկա Կրաշենիննիկովան Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) զինանշանը համեմատել էր ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ: Նա նշել էր, որ Հայաստանը, անսպասելիորեն Եվրամիության կազմ է պատրաստվում մտնել: