28/11/2017 11:54
ԵԱՏՄ-Իրան համագործակցությունը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերություններում. Նալբանդյան (Տեսանյութ)
ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են ընդգրկելով նոր և նոր ոլորտներ, սակայն գիտակցում ենք, որ առկա է մեծ ներուժ, որը մենք տրամադրված ենք համատեղ ջանքերով խորացնել, ընդլայնել, ամրապնդել», - ասաց Է. Նալբանդյանը:
Նրա խոսքով` այսօր Իրանի գործընկերոջ հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ քննարկվել է Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություների կատարման ընթացքը:
«Մեր երկկողմ համագործակցությունը բավականին ընդարձակ է և ներառում է գյուղատնտեսությունից մինչև կրթություն, մշակույթից բնապահպանություն: Իրագործվում են մի շարք էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրեր տրանսպորտի բնագավառում: Գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ անցյալ տարի մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները: Հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության խթանման հարցերը, այդ համատեքստում անդրադարձանք հաջորդ ամիս Երևանում գումարվելիք միջկառավարական խորհրդի 15-րդ նիստի նախապատրաստությանը: ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպմանը մտքեր փոխանակեցինք նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունների իրագործման վերաբերյալ, որը մենք, իհարկե, սատարում ենք», - ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց այս հարցում Իրանի հավասարակշռված ու սկզբունքային դիրքորոշումը: