29/11/2017 11:55
ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելքի» նախագիծը ԱՊՀ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի դնում. Էդմոն Մարուքյան
Բացի այն, որ մենք ԵԱՏՄ անդամակցությունից մի շարք վնասներ ենք կրել, համաձայնագիրը չի գործում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ նախագծի քննարկման ժամանակ ասաց հարցով հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած մի շարք վարորդներ չեն կարողանում Հայաստանում ստացած վկայակով աշխատանքի անցնել այնտեղ: Մեր բողոքից հետո Դաշնային ժողովում մենք այս խնդիրները բարձրաձայնել ենք: Ասվել է, որ կվերանայեն և օրենքը վերանայելուց հետո միայն Ղազախստանի քաղաքացիների համար են վերանայում արել, իսկ ՀՀ քաղաքացիների մասով վերանայում չի կատարվել», - նշեց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ հանրապետությունում նկատվող թանկացումները ևս պատճառ են ԵԱՏՄ անդամակցության: Պատգամավորը նկատեց, որ դեղորայքի ներմուծման համար մինչև ԵԱՏՄ անդամակցությունը մաքսատուրք չի գործել, իսկ ԵԱՏՄ-ում այն դարձել է 8-12,5 %, Բրազիլիայից և Ուկրաինային շաքարավազի ներմուծման համար գործող 10 % տոկոս մաքսատուրքը ԵԱՏՄ պայմանագրի համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դառնում է 40 % տոկոս:
Էդմոն Մարուքյանը նաև նկատեց, որ օրակարգում չի դրվում ԱՊՀ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը. «Սա այդ նախաձեռնությունը չէ: Սա վերաբերում է տնտեսական հարաբերություններին, քանի որ ԵԱՏՄ համաձայնագիրը սահմանափակում է Հայաստանի տնտեսական ազատությունը երկկողմ համաձայնագրեր կնքելու առումով»: