01/12/2017 17:20
Խնդիրը կա, պետք է դրան անդրադառնալ. Թևան Պողոսյանը՝ ընտանեկան բռնությունները կանխարգելող օրինագծի անհրաժեշտության մասին
Ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենք ՀՀ-ն պետք է ունենա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:
«Ես կողմնակից եմ դրան: Խնդիրն այլ բան է, արդյոք այդ օրենքում մենք ունենք մեխանիզմներ, որոնց վրա հիմնվելով՝ կարելի է ասել, որ այն կդառնա աշխատող օրենք, այլ ոչ թե կմնա թղթի վրա գրված հերթական օրենքը», - ասաց նա:
Պողոսյանի խոսքով՝ կարևոր է, որ օրենքը ոչ միայն պատժիչ գործողություններ լուծի, այլ ունենա կանխարգելիչ բնույթ:
«Բռնությունների համար պատժիչ բոլոր գործողությունները նշված են քրեական օրենսգրքում, ուստի պետք են կանխարգելիչ մեխանզիմներ: Դրա համար անհրաժեշտ է մեծ հանրային իրազեկում, կրթական ծրագրեր, արժեքների քարոզում», - նշեց նա:
Անդրադառնալով օրինագծի շուրջ ԱԺ-ում հանրային քննարման ժամանակ հնչած այն քննադատություններին, որ մեզ նման օրենք պետք չէ՝ Թևան Պողոսյանը նկատեց, որ լրատվամիջոցներում ամեն օր կարելի է կարդալ բռնության դեպքերի մասին, ինչը փաստում է՝ մեր հասարակությունում այդ խնդիրն առկա է:
«Եթե խնդիրը կա, պետք է դրան անդրադառնալ: Հուսով եմ, որ քննարկումների ժամանակ կգտնվեն այն ճիշտ ձևակերպումները, որոնց արդյունքում կմշակվեն օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ մեխանիզմները», - հավելեց նա:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագիծը: