01/12/2017 16:16
Մենք ասել էինք, որ օրենքը չենք փոխելու. Արտակ Զաքարյանը՝ ուսանողների պահանջով տարկետման իրավունքը պահպանելու մասին
Մենք ասել էինք, որ օրենքը չենք փոխելու, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հարցին, որ օրերս Սերժ Սարգսյանը ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը՝ առանց ուսանողների կարծիքը հաշվի առնելու:
«Ուսանողների պահանջն օրենքը փոխելը չէր: Դրանք կառավարության որոշումներն են, հետևաբար իշխանություններն արել են այն, ինչ ասել են», - նշեց նա:
Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ դա չի նշանակում՝ իրենք չեն աշխատում ուսանողների հետ ու հաշվի չեն առնում նրանց կարծիքները: Որպես օրինակ՝ փոխնախարարը նկատեց, որ ուսանողների բողոքի արդյունքում օրենքում մտցվել է 22 հոդվածի 5-րդ կետը, որը պահանջում է հստակեցնել այն չափորոշիչները, որոնք կսահմանվեն օժտված, առանձնապես նշանակալի ձեռբքերումներ ունեցող երիտասարդներին տարկետում տրամադրելու համար:
Անդրադառնալով ուսանողների այն առաջարկին, որ կարելի է բանակը բերել բուհ ու 4 տարվա բակալավրի ընթացքում 1,5 տարվա ծառայություն իրականացնել` Արտակ Զաքարյանը նշեց, որ դա արդյունավետ չի լինի ո՛չ ծառայության, ո՛չ էլ կրթության տեսակետից:
«Սա հնարավոր չէ իրականացնել, քանի որ սա խիստ վնաս կհասցնի կրթությանն ու երկրի պաշտպանությանը: Գուցե ուսանողներն այս առարկությունը չընդունեցին, բայց շատ ու շատ խնդիրներով համաձայնության գալ ստացվեց», - նշեց փոխնախարարը:
Արտակ Զաքարյանը նաև նկատեց, որ ըստ էության, «Պատիվ ունեմ» ծրագիրը հենց տարկետման իրավունք է:
««Պատիվ ունեմ» ծրագիրը ինքնին տարկետման իրավունք է, որից կարող է օգտվել մոտ 400-600 մարդ», - հավելեց Զաքարյանը: