01/12/2017 17:44
Պամելա Անդերսոնն ամոթանք է տվել Քիմ Քարդաշյանին
Ամերիկացի դերասանուհի և Playboy ամսագրի աստղ Պամելա Անդերսոնն արհեստական մորթուց մուշտակ է ուղարկել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ կցելով բաց նամակ, որի լուսանկարը հրապարակվել է Dazed-ում, փոխանցում է Lenta.ru-ն:
Անդերսոնն արդեն երկար ժամանակ զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ և ակտիվորեն կոչ անում մյուսներին նույնն անել: Նամակում նա խնդրել է Քարդաշյանին հրաժարվել բնական մորթուց և նախապատվությունը տալ արհեստական մորթուն:
«Մենք բոլորս մտածում ենք՝ ինչ արժե փոխել նոր տարում: Մի՞թե չես ուզում որևէ նշանակալից բան անել, օրինակ, դադարել մորթի կրել: Դու մարդասիրության օրինակ ցույց կտայիր հասարակությանը», - ասվում է նամակում:
Անդերսոնը հղում է արել Vogue Paris ամսագրի շապիկին, որի վրա պատկերված է արհեստական մորթիներ կրող և կենգուրու գրկած մոդել Ժիզել Բունդխենը, որը նույնպես հրաժարվել է բնական մորթուց:
Դերասանուհին նաև հիշեցրել է Gucci, Ralph Lauren և Calvin Klein բրենդների նոր քաղաքականության մասին, որոնք նույնպես կոչ են անում դաժանություն չցուցաբերել կենդանիների հանդեպ:
Պամելա Անդերսոնը նման նամակ էր ուղարկել նաև սուպերմոդել Նաոմի Քեմփբելին: