01/12/2017 12:09
Եվրոպական միացյալ ավիատարածքին միանալու համաձայնագիրը կնպաստի ՀՀ հաղորդակցման ուղիների լայնացմանը. Վաչե Գաբրիելյան
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը խոշոր ձեռքբերում է և կնպաստի ՀՀ քաղաքական, տնտեսական զարգացման, երկրում ժողովրդավարության ամրապնդման համար, ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«Մենք հնարավորություն ունենք զարգացնելու մեր հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ հետ: Թեպետ սա առևտրային համաձայնագիր չէ, բայց տնտեսական հարաբերությունների կանոնակարգումներ ևս կան այս համաձայնագրով: Սա երկկխոսության հնարավորություն է այդ ոլորտում մեր եվրոպացի գործընկերների հետ», - ասաց նա՝ հավելելով, որ համաձայնագրով Հայաստանը կարող է դառնալ միջնորդ ԵՄ և ԵԱՏՄ կառույցների համագործացկության համար:
Վաչե Գաբրիելյանը նաև կարևորեց Բրյուսելում նախաստորագրված Հայաստանի եվրոպական միացյալ ավիատարածքին միանալու համաձայնագիրը, ինչը կնպաստի ՀՀ հաղորդակցման ուղիների լայնացմանը:
«Վստահ ենք՝ շատ շուտով այն ևս կիրագործվի: Նախաստորագրումը նշանակում է, որ ՀՀ-ն խնդիրներ չի տեսնում և պատրաստ է համագործակցել նաև այդ ոլորտում», - ասաց նա: