02/12/2017 15:06
Դե Միստուրան ներկայացրել է Սիրիայի վերաբերյալ թարմացված «ոչ պաշտոնական փաստաթուղթ»
Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Ժնև-8-ի ժամանակ ներկայացրել է կողմերի ընդհանուր դիրքորոշումը արտահայտող 12 կետից բաղկացած նորացված «ոչ պաշտոնական փաստաթուղթ», որտեղ բացառվում են նոր սահմանադրությունն ու անցումային կառավարությունը, հայտնում է РИА Новости-ն։
Առաջին փաստաթուղթը, որը կոչվում էր կառավարական պատվիրակության և ընդդիմության «շփման կետեր», ՄԱԿ հատուկ բանագնացը պաշտոնապես ներկայացրել էր 2016 թվականի մարտի 24-ին։ Այս փաստաթուղթը ներառում էր 12 սկզբունքներ, որի շուրջ միջսիրիական բանակցությունների մասնակիցները կարող էին պայմանավորվել։
Ժնև-8-ի ժամանակ դե Միստուրան ներկայացրել է նոյեմբերի 30-ին պատրաստված փաստաթղթի նոր տեքստը, որը պարունակում է 12 կետ: Ենթադրվում է, որ Սիրիայի կառավարության և Սիրիայի միավորված ընդդիմության պատվիրակությունները դրանցում փոփոխություններ կանեն:
2016 թվականին ներկայացված տեքստի համեմատությամբ, նոր փաստաթղթում, մասնավորապես, հղում չի կատարվում ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 2254 բանաձեւին: Նոր տեքստում ամբողջությամբ բացակայում է նաև Սիրիայում անցումային շրջանի և այդ շրջանում նոր սահմանադրության կազմման և ՄԱԿ դիտորդությամբ ազատ ու արդար ընտրությունների անցկացման մասին դրույթները:
Նոյեմբերի 30-ի փաստաթղթում չի խոսվում կամայականորեն ազատազրկված բոլոր անձանց ազատման և առևանգված ու անհետ կորած անձանց հետ կապված հարցերի լուծման անհրաժեշտության մասին: Բացի այդ, փաստաթղթում չի նշվում Սիրիայի տարածքում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայության արգելման մասին: